Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ՍԻՄՈՆՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՌՈՒԲԵՆԻ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Պատմական գիտությունների դոկտոր

պրոֆեսոր

 

Ծնվել է 1928թ. դեկտեմբերի 9-ին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում: Մահացել է 2016թ. հունվարի 29-ին Երևանում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, որն ավարտել է 1952թ.: Նույն թվականին աշխատանքի է անցել «Խորհրդային Հայաստան» թերթում որպես գրական աշխատող, այնուհետև` գործուղվել է Գորիս որպես շրջանային թերթի պատասխանատու քարտուղար: 1953 թվականին աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջկոմում նախ` որպես հրահանգիչ, ապա` բաժնի վարիչ, իսկ 1957-1959թթ.` գաղափարական գծով քարտուղար: 1959-1962թթ. Հ. Սիմոնյանը սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայում: 1962թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական  ատենախոսություն և այնտեղ հրատարակել իր առաջին գիտական մենագրությունը:

1962-1966թթ. եղել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի գիտաշխատող, 1966-1977թթ.` ՀԿԿ Կենտկոմի դասախոսական խմբի ղեկավար, ապա բաժնի վարիչի առաջին տեղակալ, 1977-1990թթ.` նշված ինստիտուտի տնօրեն, 1990-1991թթ.` ՀԽՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1991-1994թթ.` սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ:

1969թ. Հ. Սիմոնյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1971թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1964-ից նա դասավանդել է ԵՊՀ-ում և Հանրապետության այլ բուհերում:

1986թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

1994-2007թթ. նա ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական էր, միաժամանակ 1999- 2003թթ.` ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, 2004-ից` նույն ամբիոնի  պրոֆեսոր : Տարբեր տարիների եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:

Հ. Սիմոնյանը հեղինակ է ավելի քան 20 մենագրություն և շուրջ 400 գիտական հոդվածների: Առանձնապես կարևոր են  «Սփյուռքահայությունը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում» (Եր.,1968), «Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը և քաղաքականությունը» (Եր., 1980), «Գիտատեխնիկական հեղափոխությունը և նրա սոցիալական հետևանքները» (Եր., 1982), «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» (Եր.,1991), «Անդրանիկի ժամանակը» (հ. I, հ. II, Եր., 1996) մենագրությունները, «Ազատագրական պայքարի ուղիներում» բազմահատոր ուսումնասիրության առաջին հինգ գրքերը (Եր., 2003, 2009,2010,2013): Կիլիկիայի հայերի 1909թ. ջարդերի 100-ամյակի առթիվ հրատարակվել է նրա «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909թ. ապրիլ)» (Եր., 2009) աշխատությունը, որը 2012թ. հրատարակվել է նաև անգլերեն լեզվով «The destruction of Armenians in Cilicia, April 1909» (Gomidas Institute,London,2012):

Հ. Սիմոնյանի մի քանի աշխատություններ լույս են տեսել Չեխոսլովակիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Իրանում, Հունաստանում, Ճապոնիայում:

Նրա  ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական և դոկտորական բազմաթիվ ատենախոսություններ:

Զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Թիֆլիսում, Բաքվում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր:

Հ. Սիմոնյանը եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ներման հանձնաժողովի նախագահ, շրջանային և քաղաքային խորհուրդների, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

1977-1990թթ. նա ղեկավարել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը

2008-2012թթ. ղեկավարել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժինը:

 

Մատենագիտական ցանկ

 

1. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է ... 

http://www.historyofarmenia.am/am/Books_Hrachik_Simonyan_inchpes_exel_e

2. ԲԱԼԿԱՆՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ 1912-1913 ԹԹ., 

http://www.armin.am/amcl/Books_Simonyan_Hrachik-Balkanyan_paterazmnery_ev_hayery

3. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՋԵՐԻՑ ՄԵԿԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

http://www.armin.am/am/Books_Adrbejanakan_patmutyan_herosakan_ejeric 

4. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂԻՆԵՐՈՒՄ Գիրք I

http://www.armin.am/am/Books_Azatagrakan_payqari_uxinerum_I

5. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂԻՆԵՐՈՒՄԳիրք II

http://www.armin.am/am/Books_Simonyan2

6. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂԻՆԵՐՈՒՄ ԳԻՐՔ III

http://www.armin.am/am/Books_Azatagrakan_payqari_uxinerum_girq_III 

7. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂԻՆԵՐՈՒՄ ԳԻՐՔ IV

http://www.armin.am/am/Books_HiBooks_Azatagrakan_payqari_uxinerum_girq_IV 

8. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՈՒՂԻՆԵՐՈՒՄ Գիրք V 

http://www.armin.am/am/books_azatagr_payqari_uxinerum