Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Հայրենիքի շքանշան: Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 1994 թվականի մարտի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 1994 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1994 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թվականի օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թվականի հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Շքանշանը շնորհվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
2014 թվականի օգոստոսի 9-ից հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Այն սահմանվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ի հրամանագրով։
Հայրենիքի շքանշանը ունի սկավառակի տեսք, որը շրջափակված է միմյանց հերթագայող երկու ութակողմ բազմանկյունաձև երիզներով։ Սկավառակի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերին հատվածում՝ ցորենի երկու հասկ, իսկ ներքևում գրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։
Շքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենին։ Ժապավենի լայնությունը 50 մմ է։
Շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից։ Շքանշանի շրջանագծի տրամագիծը 97 մմ է։
Շքանշանն ունի գոգավոր շրջանաձև հորինվածքով կրծքանշան՝ երիզված ութաթև աստղով։ Աստղի թևերի անկյուններում տեղադրված են պտղաբերություն խորհրդանշող զարդեր։ Շրջանաձև հորինվածքի կենտրոնում ուռուցիկ ձևով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Կրծքանշանի չափերն են՝ 42մմx42մմ։ Կրծքանշանը պատրաստվում է ոսկուց։ Շրջագիծը, ութաթև աստղը, զարդաքանդակն անփայլ են, իսկ Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ փայլեցված։ Կրծքանշանն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը խորհրդանշող ժապավենի կենտրոնում։ Ժապավենն ավարտվում է ծոպերով, որոնք ագուցված են ոսկե օղակով։ Ժապավենի չափերն են՝ 60մմx21մմ, իսկ ծոպերի երկարությունը՝ 10 մմ։
Կրծքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։
Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25մմx10մմ։ Շերտաձողիկի ժապավենը կրում է շքանշանի ժապավենի գունային նկարագիրը։