Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

 ԺԱՆՍԵՄ (Սեմերճյան Հովհաննես Միրիջանի, ծ. 9.3.1920, Սելեզ (Թուրքիա)-27.08.2013), նկարիչ: ՀՀ ԳԱԱ արտասահմ. անդամ (2002): 1922-ին ընտանիքով հաստատվել է Սալոնիկում, 1931-ին՝ Փարիզում: Սովորել է Մոնպառնասի «ազատ ակադեմիաներ»-ում (1934-36), ավարտել Փարիզի Դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը (1939): 1944-ից ցուցադրվել է Անկախների սալոնում: Ստեղծել է ազգային թեմայով կտավներ («Հայուհին» (1946), «Հայկական հարսանիք» (1947), «Թաղում» (1951, ԺԱԹ, Երևան) ևն): Ժանսեմի ինքնատիպ ռեալիստական կոմպոզիցիաները տոգորված են խոր մարդասիրությամբ («Ընտանիք» (1953), «Շուկայում» (1954), «Ձկնավաճառներ» (1957), «Թափոր ջահերով» (1962) ևն), նկարաշարերից են՝ «Վենետիկ» (1966), «Պար» (1970), «Ցլամարտ» (1972), «Դիմակահանդես» (1978), «Դիմակներ» (1982), «Թափոր» (1987), դիմանկարներից՝ «Դերասան Ա. Քուին» (1955), «Շառլ Ազնավուր» (1956) ևն: Ստեղծել է գունավոր ու միագույն վիմագրություններ, նկարազարդումներ (Սերվանտեսի, Բոդլերի և այլոց գրքերի):  Ժանսեմի կտավներին բնորոշ դեղնականաչ գունաշարը հաճախ զուգորդվում է կարմիր, զուտ կանաչ և նարնջագույն գունագծերով: 1956-ին ընտրվել է Երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ: Տե՛ս ավելին: