Մեծ Հայքի թագավորությունը դրածո թագավորների օրոք: Տիգրան IV-ի մահից հետո Արտաշեսյանների արքայատոհմն այլևս շարունակություն չունեցավ:Սակայն Հռոմը չէր շտապում վերացնել հայկական թագավորությունը: Օկտավիանոս Օգոստոս կայսրը հեռատեսորեն պաշտպանում էր այն ուղեգիծը, թե տերության հետագա ընդարձակումը կարող էր անկանխատեսելի բացասական հետևանքներ ունենալ երկրի ճակատագրի համար: Նա առաջարկում էր բավարարվել կախյալ թագավորությունների համակարգի իրողությամբ: Ի թիվս այլ երկրների` Մեծ Հայքը ևս հայտնվեց նման կախյալ թագավորությունների շարքում: Առաջնորդվելով այս ուղեգծով` Հռոմը Հայաստանում գահ էր բարձրացնում Արտաշեսյան արքայատոհմի հետ հեռավոր արյունակցական կապ ունեցող անձանց, որոնց տրվում էին <<Արտաշես>> կամ <<Տիգրան>> դինաստիական անուններ, և որոնք հավատարմության երդում էին տալիս իրենց հովանավոր կայսրին: