Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

  ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում 2014 թվականի հունիսի 27-29-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Արցախի պետական համալսարանի համատեղ ջանքերով տեղի ունեցավ «Բարձրագույն կրթություն՝ առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը:

 Համաժողովի մասնակիցներին իրենց ողջույնի ուղերձը հղեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրանք բոլորն էլ իրենց ելույթներում առավել կարևորեցին նման միջոցառումների անցկացումն Արցախում` Հայաստանի և արտերկրի ճանաչված գիտնականների ու փորձագետների մասնակցությամբ: Կարևորեցին նման նախաձեռնությունը, քանի որ համաժողովը միտված էր ներկայացնել կրթությունը` որպես մարդու հիմանարար իրավունքների և ժողովրդավարական արժեքների մաս, նաև վերհանելու չճանաչված պետություններում բարձրագույն կրթության հիմանահարցերը:  

 Համաժողովին իրենց մասնակցությունն ունեցան միջազգային փորձագետներ, հետազոտողներ, ուսանողներ՝ միջազգայնորեն չճանաչված պետություններից, նաև ՀՀ և Արցախի կրթության ոլորտի պատասխանատուներ:

 Միջազգային համաժողովի ընթացքում քննարկվեցին բարձրագույն կրթության ներկայիս վիճակը, բարեփոխումների ընթացքը, հնարավորություններն ու մարտահրավերները հակակոմունիստական հասարակություններում, չճանաչված և ճանաչված պետությունների կրթական համակարգերի միջև փոխհամագործակցության արդի վիճակը, չճանաչված պետություններում բարձրագույն կրթական համակարգի զարգացումը, տվյալ երկրների համալսարանների կողմից տրված ավարտական փաստաթղթերի միջազգային ճանաչման և Բոլոնիայի գործընթացում ընդգրկման հետ կապված հարցեր, ինչպես նաև չլուծված քաղաքական խնդիրների բացասական ազդեցությունը կրթական համակարգի վրա: Համաժողովի հիմնական և առանցքային նպատակներից են եղել համագործակցության արմատավորումը, արդյունավետ միջոցներով որակյալ կրթության մատուցումը, Եվրոպայի բարձրագույն կրթության տարածքի համալսարանների՝ ակտիվ արձագանքը չճանաչված պետություններում գործող համալսարանների առաջարկներին՝ բարձրագույն կրթության որակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանն աջակցելու և համագործակցելու համար:

 Համաժողովի ավարտին՝ հունիսի 28-ին, մասնակից երկրների և միջազգային փորձագետների հետ համատեղ ընդունվեց «Համաժողովի հռչակագիր»:


Վերադառնալ