Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

  

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի սոցիալ-տնտեսական և հումանիտար հետազոտությունների ինստիտուտը 2014 թվականի սեպտեմբերի 18-19-ին կազմակերպել էր միջազգային գիտական համաժողով՝ «Կազակներն ու լեռնականները` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին»(Ծրագիր)խորագրով:

ԵՊՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանը, լինելով գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, իր ողջույնի խոսքում շեշտելով գիտաժողովի կարևորությունը՝  ընդգծեց առաջին համաշխարհային պատերազմի թեման մերօրյա իրականության ժամանակ նորովի ուսումնասիրելու անհրաժեշտությունը և մասնավորապես հայ ու ռուս մասնագետների համատեղ հետազոտությունները այս խնդրի շուրջ: Համաժողովին իր զեկույցով հանդես եկավ նաև ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը՝ «Անդրկովկասը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ ռուս ականատեսի աչքերով» զեկույցով:

Մասնակիցները դիտարկեցին ռազմական հակամարտության միջառարկայական համալիր ուսումնասիրման մի շարք խնդիրներ: Զեկույցների մեծ մասը նվիրված էին Ռուսաստանի կայսրության հարավում 1914-1918 թթ. կամավորական ստորաբաժանումների գործունեության թեմային: Քննարկվել են նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Առաջին համաշխարհային պատերազմի արտացոլումը մարդկանց պատմական հիշողությունների մեջ:

ԵՊՀ պատվիրակությունը Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի և հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանի ուղեկցությամբ ալցելեց ՀՀ հյուպատոսություն: Հակիրճ քննարկվեցին այցելության նպատակները և տարածաշրջանի հետ կապված ԵՊՀ  ծրագրերը:

Հանդիպում տեղի ունեցավ ՌԳԱ Հարավային գիտական կենտրոնի ղեկավար ակադեմիկոս Գենադի Մատիշովի հետ: Քննարկվեցին երկու կողմերի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացված ծրագրերը, ինչպես նաև նախանշվեցին հետագա համագործակցության նոր ուղիներ:

Ռեկտոր Բեսարիոն Մեսխիի հրավերով ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը և ՀՀԻ փոխտնօրեն Մ. Հովհաննիսյանը այցելեցին Դոնի պետական տեխնիկական համալսարան: ԴՊՏՀ-ի գործընկերների հետ քննարկվեցին կողմերի միջև հնարավոր գործակցության ուղղությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համաձայնության ընդհանուր պայմանագիր պատրաստել և հստակ սահմանված ժամկետներում իրականացնել պայմանագրով նախանշված գործակցային ծրագրերը:

ԵՊՀ պատվիրակները այնուհետև հյուրընկալվեցին Համալսարանի հավատարիմ բարեկամ, Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանի և համայքի մի շարք մտավորականների կողմից: Համայնքի գործադիր տնօրեն  Սերգեյ Սայադովը և ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը ներկայացրին վերջին երեք տարիների ընթացքում կողմերի միջև տեղ գտած գործակցային ծրագրերի իրականացման ընթացքը, առկա խնդիրները: Երկու կառույցների ղեկավարների կողմից տրվեցին հանձնարարականներ՝ նոր կրթամշակութային և հետազոտական ծրագրեր իրականացնելու, Ռոստովի հայագիտական կենտրոնը զարգացնելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարության որոշմամբ ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանին շնորհվեց համայնքի  պատվավոր անդամի կոչում և շքանշան:

Հաջորդ այցը եղավ  հայաշատ Մյասնիկյանի շրջանի շրջկենտրոն Չալտր գյուղ: Այստեղ ԵՊՀ պատվիրակներին դիմավորեցին շրջանի ղեկավար Արշակ Պորկշեյանը և նրա առաջին տեղակալ Վլադիմիր Կիլաֆյանը: Շրջանի ղեկավարության ուղեկցությամբ ԵՊՀ պատվիրակության անդմաները այցելեցին տեղի հայկական եկեղեցին՝ հանդիպելով հայ հոգևորական Տեր Թադևոսին, շրջանի հայերի պատմամշակութային թանգարանը, որտեղ իրենց անզուգական կատարմամբ հանդես եկավ տեղի «Անի» հայկական ազգային երգի համույթը:

Հիշարժան էր նաև այցը Դոնի Ռոստովի հայ-ռուսական բարեկամության պատմաշակութային թանգարան, որտեղ Հայաստանից ժամանած հյուրերը ծանոթացան Դոնի հայերի պատմությանը, մշակույթին, արձանագրած նվաճումներին:

Կարևորելով այցելությունը՝ ռեկտոր Սիմոնյանը ընդգծեց թե՛ Հայաստան-Սփյուռք կապերի, թե՛ հայ-ռուսական գիտակրթական գործակցության խորացման անհրաժեշտությունը հատկապես Ռուսաստանի այնպիսի հայաշատ ու մեծ պատմական ուղի ունեցող համայնքի, ինչպիսին է Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքը, այնպես և տեղի գիտակրթական կառույցների հետ:

Տե´ս նաև   ԵՊՀ պատվիրակությունը Դոնի Ռոստովում


Վերադառնալ