Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 Սույն թվականի մարտի 13-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քննարկումների սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ԵՊՀ-ի կողմից իրականացվող միջոցառումների ներկայացմանը:  Ասուլիսին  2015 թվականին կայանալիք ծրագրերի ցանկը լրագրողների ուշադրությանը ներկայացրին ԵՊՀ-ում Հայոց ցեղասպանության նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն  Մհեր Հովհաննիսյանը և ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը:

  Մհեր Հովհաննիսյանը նախ լրագրողների ուշադրությունը հրավիրեց ysu.am/armeniangenocide100/ համացանցային նախագծի վրա, որտեղ ներկայացված են ԵՊՀ արդեն իսկ մեկնարկած միջոցառումների ցանկը: Նրա խոսքով Մայր բուհը սույն տարվա ընթացքում կազմակերպելու է շուրջ վեց տասնյակ միջոցառումներ, և հիմնական միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 21-ին: Այդ օրը հանդիսավոր արարողությամբ կբացվի ԵՊՀ երախտիքի ծառուղին, որտեղ ընդգրկված են 12 բրոնզաձույլ կիսանդրիներ բոլոր  այն օտարազգի հայտնի գործիչների, ովքեր իրենց նպաստն են ունեցել 20-րդ դարի սկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատելու, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտելու, օգնելու և աջակցելու գործում: Նույն օրը ԵՊՀ գրադարանում տեղի կունենա նաև ցեղասպանության թեմատիկ գրականության սրահի բացումը, որին կհաջորդի ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված նիստը: Տեղի կունենա տասը գիտաժողով, որոնցից երեքը լինելու է միջազգային բնույթի: Հովհաննիսյանի խոսքով, թվարկված գիտաժողովներից երեքը միջազգային են լինելու: Առաջին երկուսը  կազմակերպվելու են ԵՊՀ Իրավագիտության և  Սոցիոլոգիայի ֆակուլտետների ջանքերով, իսկ երրորդը իրականացվելու է ՀՀ ԳԱԱ հետ գործակցաբար: Մնացած գիտաժողովները կրելու են ներհանրապետական և ներհամալսարանական բնույթ: Լինելու են թե՛ գրքերի, թե՛ լուսանկարների տեսքով ցուցադրություններ, բաց դասեր, էսսեների և գրական ստեղծագործությունների մրցույթներ:  Ներկայացվեց, որ 2015 թվականին ԵՊՀ-ն, լինելով գիտահետազոտական կառույց, ներկայացնելու է 25 հետազոտություն՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, որոնց շարքում մեծ թիվ են կազմում օտարալեզու հետազոտությունները: Խոսվեց նաև Սփյուռքի տարբեր համայնքներում ԵՊՀ-ի ներկայացուցիչների նախատեսված միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն, Լիբանան և Իրանի Իսլամական Հանրապետություն կատարվելիք այցերի մասին: Ներկայացվեց www.armeniansgenocide.am մասնագիտական եռալեզու կայքը՝ արդեն նորովի համալրված մասնագիտական գրականությամբ և գիտական հոդվածներով:  Մհեր Հովհաննիսյանն անդրադարձավ նաև «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրին, որը իր բնույթով եզակի է: «Ներկայումս այս մասնագիտությամբ կրթություն են ստանում 13 ուսանող ինպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքի տարբեր համայնքներից: 2015 թվականին  ԵՊՀ-ն տալու է իր առաջին ցեղասպանագետ-միջազգայնագետ որակավորմամբ շրջանավարտները»,-նշեց Մ. Հովհաննիսյանը:

  Կարեն Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ ԵՊՀ-ն մասնակցելու է նաև Ֆրանկֆուրտում կայանալիք աշխարհի ամենամեծ գրքի տոնավաճառին՝ ներկայացնելով մի շարք գրքեր Հայոց ցեղասպանության թեմայով, այդ թվում Արման Կիրակոսյանի «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և արևմտահայությունը (19-րդ դար-1914 թ.)», ինչպես նաև Գոնսալո Գուարչի  «Սպիտակ լեռը» գրքերը:

  Վերջում, ամփոփելով իրենց խոսքը, բանախոսները ներկայացրին նաև ԵՊՀ-ի կողմից իրականացվող մշակութային միջոցառումների շրջանակներում դեպի Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր կայացվելիք այցերը, Արցախում, Ծիծեռնակաբերդի և Եռաբլուրի հուշահամալիրներում իրականացվելիք ծառատունկերը: 


Վերադառնալ