Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել
 
 
2015 թ. ապրիլի 9-ին ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:
 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ուսանողական գիտական ընկերության նախագահ Միքայել Մալխասյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
 «ԵՊՀ-ն ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ և այս ամենի հետ մեկտեղ մեծ կարևորություն է տալիս նաև ուսանողական և երիտասարդական գիտաժողովներին: Սա լավագույն նախադրյալն է՝ երիտասարդ սերունդներին թույլ տալու խոսել, ուսումնասիրել, տարբեր տեսանկյուններից վերլուծել ու  ներկայացնել Հայոց ցեղասպանության իրողությունը»,-նշեց Ռ.Մարկոսյանը՝ բարի երթ մաղթելով գիտաժողովի մասնակիցներին:
 ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանն էլ իր հերթին նշեց, որ գիտաժողովին մասնակցելու 100-ից ավելի հայտ են ստացել, սակայն երկար քննարկումների արդյունքում ընտրվել են լավագույն 24 հոդվածները: Հավելենք, որ գիտաժողովը բաղկացած էր երեք նիստերից. առաջինը կրում էր «Հայոց ցեղասպանության իրավական և սոցիալ-հոգեբանական  հիմնախնդիրները», երկրորդը՝ «Հայոց ցեղասպանության անդրադարձը մամուլի և գրականության մեջ», և երրորդը՝ «Հայոց ցեղասպանության պատմական հիմնախնդիրները» խորագրերը: Հանրապետական երիտասարդական գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության, փիլիսոփայության և հոգեբանության, ռոմանագերմանական բանասիրության, միջազգային հարաբերությունների, հայ բանասիրության, սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի, պատմության, ռուս բանասիրության ֆակուլտետների, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ուսանողները: Նիստերը վարեցին  համապատասխանաբար նույն ֆակուլտետների դասախոսներից կազմված մասնագիտական հանձնախմբերը:
 Զեկուցումներում քննարկվում էին հայերի դեմ իրագործված ցեղասպանության մերժողական քաղաքականության հիմնահարցերը՝ իրավական լույսի ներքո: Ներկայացվեց նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրավական ասպեկտների, ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կողմից առաջ քաշված կոնվենցիաների, ազգային ինքնության ձևավորման գործում ցեղասպանության ազդեցության դերի մասին հոդվածներ: Խնդիրը քննարկվեց նաև հոգեբանության, սոցիալ-մշակութային տեսանկյունից: «Հայոց ցեղասպանության անդրադարձը մամուլում և գրականության մեջ» նիստին ներկայացվեց հայ մեծ գրողների  անցած ուղու, Հայոց ցեղասպանության ընթացքում ականատեսների վկայությունների, արևմտահայ գաղթականների խնդրները:  Երրորդ նիստը վերաբերում էր Հայոց ցեղասպանության պատմական հիմնախնդիրներին: Այստեղ արդեն ներկայացվեց ցեղասպանության խնդիրը արտասահմանյան պետական և քաղաքական գործիչների կատարած հայանպաստ գործունեության տեսանկյունից, համեմատական վերլուծություն տարվեց Հայոց ցեղասպանոթյան և հրեաների Հոլոքոստի միջև: Քննարկվեց երիտթուրքերի դատավարությունը, Հայոց ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության ենթարկման առնչությամբ եվրոպական երկրներում տեղի ուեցող գործընթացները  և այլն: Գիտաժողովի վերջում մասնակիցները պարգևատրվեցին  մասնակցության հավաստագրերով:

Վերադառնալ