Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 

 Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից «Շոա» հիմնադրամի ներկայացուցիչները Հայաստանում են: Ապրիլի 20-ին հիմնադրամի ներկայացուցիչները  հանդիպում ունեցան Երևանի պետական համալսարանի և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչների հետ:Հիմնադրամը զբաղվում է Հայոց ցեղասպանությունից, ինչպես նաև Հոլոքոստից տուժածների հետ հարցազրույցների, գրավոր վկայությունների և փաստաթղթերի պահպանմամբ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Հարավային Կալիֆորնիայի համալսարանի «Շոա» հիմնադրամի Տեսապատմության և կրթության ինստիտուտը պատրաստակամություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին մոտ 400 տեսագրված վկայություն ներկայացնել հայ ժողովրդի դատին և, առհասարակ, իրազեկել հասարակությանը, թե ինչ է տեղի ունեցել 1915 թ. հայերի հետ: «Շոա» հիմնադրամի հետազոտությունների և թղթաբանության բաժնի ղեկավար Կառեն Յունգբլաթը, շնորհակալություն հայտնելով ընդունելու, համագործակցության առաջարկ անելու համար, ներկայացրեց հիմնադրամի կայքը, այնուհետև խոսեց հիմնադրամի գործունեության, վկայությունների հավաքածուի մասին: Կայքում  մեծ թվով հարցազրույցներ կան ոչ միայն ցեղասպանություն վերապրած հայերի, այլ նաև օսմանցի թուրքերից տուժած այլ ժողովրդների ներկայացուցիչների՝ հույների, ասորիների ու եզդիների մասին: Նյութերում ընդգրկված են վայրագությունների վկան դարձած քրիստոնյա քարոզիչների ու արաբ բնակիչների, ինչպես նաև վերապրածների ժառանգների ու որոշ գիտնականների հետ հարցազրույցներ: Մեծ թիվ են կազմում Հայոց ցեղասպանության մասին հայերի վկայությունները, որոնք նկարահանել են Մայքլ Հակոբյանը և Հայ կինոյի հիմնադրամը 1972-2004 թվականներին: Ջ. Մայքլ Հակոբյանը 70 փաստագրական ու կրթական ֆիլմերի հեղինակ է, այդ թվում՝ հայերի ու Հայոց ցեղասպանության մասին 17 ֆիլմերի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին  համագործակցության հետագա հեռանկարները: Կարևորվեց վկաների, ականատեսների պատմածների հիման վրա, արխիվային նյութերի համադրումով, գիտական ոլորտներում ուսումնասիրություններ կատարելու և հայ գործընկերների հետ աշխատելու անհրաժեշտությունը

 Այնուհետև Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հրեական հետազոտությունների Շապել-Գուերինի անվան պատմության ամբիոնի պրոֆեսոր Վոլֆ Գրուները ներկայացրեց իրենց գործունեության նպատակները: Մասնագիտանալով համեմատական ցեղասպանության ոլորտում՝ նա նաև ընդգրկված է «Շոա» հիմնադրամի աշխատանքներումՎոլֆ Գրուների հետազոտությունները վերաբերում են Հոլոքոստի, աշխարհում տեղի ունեցած մյուս ցեղասպանությունների, զանգվածային բռնությունների համեմատական պատմությանը, բնակչության դեմ ռասսայական խտրականությանը:

 Հիմնադրամի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում աշխատել հայ պատմաբանների, ցեղասպանագետների հետ, ինչպես նաև փորձի փոխանակում անցկացնել հետագայում իրականացվելիք աշխատանքների ուղղությամբ: Քննարկվեցին ԵՊՀ և Կալիֆորնիայի համալսարանի միջև հետագա համագործակցության հեռանկարները:

 


Վերադառնալ