Ս.թ. ապրիլի 27-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում  տեղի ունեցավ Հռոմի Սապիենցայի համալսարանի քաղաքական գիտությունների, սոցիոլոգիայի և հաղորդակցման ֆակուլտետների պրոֆեսոր, սոցիոլոգիայի իտալական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիա Իմմակոլատա Մաչոտիի «Հայոց ցեղասպանությունը պատմության և հիշողության մեջ»  մենագրության հայերեն տարբերակի  շնորհանդեսը:Մասնակցում էին անձամբ գրքի հեղինակը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը և բաժինների ղեկավարներ Հրաչիկ Բայրամյանը, Վարուժան Պողոսյանը, Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը, Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Արամ Վարտիկյանը, տարբեր ֆակուլտետների դասախոսները, ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» ու «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրերի ուսանողները և այլք:

 Բացման խոսք ասելով՝ Մհեր Հովհաննիսյանը նշեց, որ շնորհանդեսը իրականացվում է ԵՊՀ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Մ. Հովհաննիսյանը, կարևորելով իտալացի գործընկերների հետ համատեղ աշխատելու անհրաժեշտությունը՝ հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրական, վերլուծական նյութերի պատրաստման  տեսանկյունից, խոսքը փոխանցեց գրքի հեղինակին: Մարիա Մաչոտին իր հերթին շնորհակալություն հայտնեց ԵՊՀ իր գործընկերներին՝ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանին, Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանին գրքի հայերեն տարբերակի թարգմանությունը նախաձեռնելու, հրատարակելու և ՀՀԻ հետ համատեղ շնորհանդեսը կազմակերպելու համար:  

 Նշենք, որ «Հայոց ցեղասպանությունը պատմության և հիշողության մեջ» մենագրությունը լույս է տեսել 2011 թ. Հռոմում: Գիրքն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը նախորդող պատմական որոշ իրադարձություններին, հիմնախնդրի շուրջ մասնագիտական, այդ թվում՝ Իտալիայի հանրության մեջ տեղի ունեցող քաղաքական երկխոսության որոշ առանձնահատկություններին, պատմության և ինքնության, հիշողության վերաբերյալ առկա ու անհրաժեշտ մոտեցումներին:

 «Ես վաղուց եմ սկսել հետաքրքրվել առհասարակ ցեղասպանության և, հատկապես, փախստականների վերաբերյալ նյութերի ուսումնասիրմամբ, և սա պատճառ դարձավ խորապես ուսումնասիրելու Հայոց ցեղասպանությունը: Ես սոցիոլոգ եմ, և ինձ համար կարևոր են տարբեր ժողովուրդների, ազգերի  սոցիալական կյանքի ուսումնասիրությունը և դրանից բխող տարբեր տեսակի խնդրիների վերլուծությունը: Հայ ժողովրդի տառապանքը չի սկսվել հենց 1915 թ-ից, այն սկսվել է դեռևս դարեր առաջ, ուստի այս պարագայում պետք է խորապես ուսումնասիրվեն երևույթի արմատները: Սոցիոլոգները  իրենց մասնագիտական տեսանկյունից կարող են աշխատել տարբեր ճակատներով»,-նշեց Մարիա Իմմակոլատա Մաչոտին: Ցեղասպանության համատեքստում պրոֆեսոր Մաչոտին խոսեց նաև Սփյուռքի դերի, ազդեցության, դրական և բացասկան հետևանքների մասին: Ըստ նրա՝ գերտերությունների  ղեկավարները կարող են անել ավելին Հայոց ցեղասպանության  ճանաչման գործում, ինչպես դա արեց Հռոմի պապը, ով չանտեսեց եղելությունը, ով համարձակություն ունեցավ խոսել, բարձրաձայնել և ողջ կաթոլիկ աշխարհին ներկայացնել 1915 թ. սարսափը:

 Այնուհետև ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը խոսեց ցեղասպանության վերաբերյալ սոցիոլոգիական մոտեցումների մասին: Առանձնացրեց սոցիոլոգիական և պատմական տեսանկյուններից դեպքերի ուսումնասիրության տարբերությունը: Ըստ Մկրտիչյանի՝ անհրաժեշտ է դեպքերի որակական և խորը ուսումնասիրություն կատարել՝ տարբերակելով հաղորդակցական ու մշակութային հիշողությունները:

Շնորհանդեսի վերջում ոչ միայն հարցեր ուղղվեցին գրքի հեղինակին, այլև ներկաների և բանախոսների միջև ծավալվեց ակտիվ քննարկում: