Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել
Ձախից աջ. Եսայի Հավաթյան, Մհեր Հովհաննիսյան, Սերժ Սրապիոնյան,Անի Փաշայան

 Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Պատմության ֆակուլտետի համատեղ ջանքերով սույն թվականի սեպտեմբերի 17-ին ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում  տեղի ունեցավ Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով: Միջոցառմանը մասնակցում էին Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի հանձնաժողովի, «Մուսա լեռ» հայրենակցական  միության, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության  ինսիտուտի ներկայացուցիչներ և այլք:

 Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Մուսա լեռան հերոսամարտն այն սակավաթիվ հերոսամարտների շարքից է, երբ  Հայոց ցեղասպանության  տաժանակիր օրերին հայը ապացուցեց իր միասնական պայքարի ոգին, փրկվելու և նորից ոտքի կանգնելու կամքը: Միջոցառումը  կարևոր է այնքանով, որ այս թեմայով գիտաժողով սակավաթիվ է եղել, և արևմտահայության պատմությանը անդրադարձող այս գիտաժողովին մասնակցելու են եկել այն մարդիկ, ովքեր մուսալեռցիների ժառանգներն են: Գիտական միջոցառման ընթացքում ներկայացվելու են տարաբնույթ խնդիրներ՝ ժողովրդագրական հարցերից մինչև պատմական իրադարձությունների նկարագրում, ազգագրական խնդիրներից մինչև  լեզվագրական հարցերի քննարկում»: Ելույթի վերջում Հովհաննիսյանն ավելացրեց, որ լավագույն զեկուցումները կհրատարակվեն ԵՊՀ ՀՀԻ «Հայագիտության հարցեր» հանդեսում:

 Այնուհետև խոսքը տրվեց Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի հանձնաժողովի ղեկավար Եսայի Հավաթյանին, ով շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին և ՀՀԻ փոխտնօրեն Մ. Հովհաննիսյանին աջակցության և միջոցառման կազմակերպման գործը ստանձնելու համար: Իր երախտիքի խոսքը հայտնեց բոլոր ներկաներին և բարի երթ մաղթեց միջացառման մասնակիցներին:

 ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց ներկաներին և հատկապես Այնճարից Հայաստան ժամանած մուսալեռցիների ժառանգներին: «Այսօր ավելի քան երբևէ կարիք կա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ընթացքում  կազմակերպել  նմանատիպ գիտաժողով, որպեսզի բոլորին ցույց տանք, որ հայ ժողովուրդը չի եղել նահանջող ազգ, մարտնչել է իր իրավունքների ու իր ունեցածի համար»,- եզրափակեց իր խոսքը Ս. Սրապիոնյանը:

 Իր հերթին ողջույնի խոսք հղեց ներկաներին և գիտաժողովի մասնակիցներին «Մուսա լեռ» հայրենակցական միության ներկայացուցիչ Անի Փաշայանը: «ԵՊՀ-ում անցկացվող Մուսա լեռան հերսամարտին  անդրադարձող այս գիտաժողովը փորձագիտական կարևոր հարթակ կարող է հանդիսանալ Հայաստանում  գիտական և պատմամշակութային բազում խնդիրների քննարկման և  վերլուծության համար: Մուսա լեռան հերոսամարտը հայ ժողովրդի պատմական անցյալի և մշակույթի անբաժանելի մասն է, ուստի «Մուսա լեռ» հայրենակցական  միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր հանձն են առել ներկայացնելու հերոսամարտի պատմությունը գիտական հարթակներում»,- եզրափակեց իր ելույթը Ա. Փաշայանը:

 Գիտաժողովին թեմատիկ զեկույցներով հանդես եկան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր  Էդիկ Մինասյանը, դասախոս Գեղամ Բադալյանը, պ.գ.թ. պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը, Եսայի Հավաթյանը, Կալիֆոռնիայի «Արփա» ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանը, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտաշխատողներ Սվետլանա Պողոսյանը,  Խորեն Գրիգորյանը,  Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչ պ.գ.դ. Հարություն Մարությանը: Զեկույցներում անդրադարձ կատարվեց հերոսամարտի պատմությանը, Սուեցիայի բնակչության ժողովրդագրական կազմին, ինքնության դրսևորումներին, մուսալեռցիների մշակութային և լեզվական առանձնահատկություններին: Գիտաժողովն ավարտվեց թեմատիկ հարցադրումներով և ակտիվ քննարկմամբ: 

 


Վերադառնալ