Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 Լիբանանի հայոց թեմի Ազգային առաջնորդարանի և Համազգային հայ կրթական և մշակութային միության համատեղ ջանքերով սույն թվականի  հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը  Լիբանան են այցելել Երևանի պետական համալսարանի  9 հոգուց բաղկացած պատվիրակությունը:  Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահում Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանի  ջանքերով  նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ  հանդիպում Երևանի պետական համալսարանի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին լիբանանահայ վարժարանների տնօրեններ, համայնքի պատկան մարմինների ներկայացուցիչներ և այլք:

 Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Ազգային առաջնորդարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու Րաֆֆի Դեմիրճյանը:  Նրա խոսքով՝ այս հանդիպումը նպատակ ունի ծանոթանալու ԵՊՀ իրականացված և առաջիկայում իրականացվելիք ծրագրերին:  «Մենք ակնկալում ենք, որ այս  և հետագա հանդիպումները գործնական կլինեն, կողմերի միջև համագործակցությունը կդառնա մնայուն և  տեսականից կանցնի գործնականի»,- եզրափակեց  իր խոսքը Ր. Դեմիրճյան:

 ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը խոսեց այցի նպատակների մասին: Ներկայացրեց ԵՊՀ կողմից համագործակցության մինչ այժմ կատարված քայլերը, Սփյուռքի տարբեր հայկական համայանքների հետ գործնական կապերը, ինչպես նաև «Ցեղասպանագիտություն» և «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրերում սփյուռքահայ ուսանողներին ինտեգրելու խնդիրը: Մ. Հովհաննիսյանն անդրադարձավ երեք տարի առաջ Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան հետ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Լիբանանի հայկական դպրոցների համար հայոց պատմության դասագրքեր հրատարակելու և առարկան դասավանդելու աշխատանքների շուրջ: Այնուհետև խոսեց Համազգայինի հետ համագործակցաբար ստեղծված հայագիտության մագիստրոսական, հեռաուսուցման ծրագրերի մասին:

 ԵՊՀ հրատարակչատան տնօրեն Կարեն Գրիգորյանը  խոսեց 1920 թ-ից մինչ այսօր ԵՊՀ հրատարակչական գործունեության մասին, որի արդյունքում  հրատարակվել է շուրջ 5500 գիրք:  Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան հետ համագործակցությանն անդրադառնալիս Գրիգորյանը հաստատեց, որ համաձայնագիր պիտի կնքվի երկու կողմերի միջև, որպեսզի ավելի առարկայական դառնա համագործակցությունը: Գրիգորյանն առանձնացրեց մի քանի կարևոր կետեր առաջիկայում տարվելիք  աշխատանքների մասին, այն է՝ Երևանում և Լիբանանում կրթական միացյալ տարբեր ծրագրերի իրականացում, Հայագիտական ուղղվածությամբ կրթական, գիտական, ակադեմիական միացյալ հրատարակությունների, էլեկտրոնային գիրքերի ստեղծում և  տարածում:  Պատվիրակության անդամ Մարկոս Կեսեյանը իր հերթին խոսեց Սոչիի և  մյուս հայ համայնքների միջև ծանոթություն հաստատելու, հետագայում համագործակցելու կարևորության մասին:   

 Հանդիպմանը եզրափակիչ խոսքով հանդես եկավ Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը: Նրա խոսքով՝ Սփյուռքի և հայրենիքի միջև կապը բավականին երկար ժամանակ  անջատված է եղել, և իրար հետ համագործակցելու  փորձը դեռևս քիչ է: Սրբազանը շեշտեց հատկապես մի կարևոր  փաստ ևս, որ հայկական համայնքի մեջ ներկայումս նախորդ սերունդների համեմատ հայի հոգին  և հայրենական շունչը նվազել է:  Հայրենիքի հետ կապն ամրապնդելը և շատացնելը կնպաստի հայրենական ոգու պահպանմանը: «Կմաղթեմ, որ կարողանանք հավաքական գոյության համար լուրջ ծրագրեր մշակել և իրագործել ձեր աջակցությամբ»,-եզրափակեց իր խոսքը սրբազան Շահե եպիսկոպոս Փանոսյանը:

 


Վերադառնալ