Ս.թ. մարտի 14-ին ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ երջանկահիշատակ պատմաբան Բաբկեն Հարությունյանի 75 ամյակին նվիրված գիտաժողով: Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը. «Վերջին 15 տարիներին Հայոց պատմության ամբիոնի չորս վարիչներից երեքը մոտավորապես նույն տարիքին հրաժեշտ տվեցին մեր համալսարանին: Նրանց մահը մեծ կորուստ է պատմության ֆակուլտետի համար: Հարությունյանն իր ամենաբեղուն շրջանում հրաժեշտ տվեց կյանքին, նա իր խոսքը թերևս չէր ավարտել: Ի տարբերություն իր գործընկերներին՝ նա ժամանակակից ու հումորային մի անձնավորություն էր, սակայն՝ նաև սկզբունքի տեր ու իր տեսակետը պաշտպանող: Հարությունյանն իր կրթությունն ավարտել էր չորս տարվա ընթացքում, ինչը շատ հատկանշական էր. նա, չբավարարվելով մեկ մասնագիտությամբ, ավարտել է նաև իրավաբանական ֆակուլտետը, ինչպես նաև տիրապետում էր մաթեմատիկական ու լեզվաբանական հմտությունների: Հարությունյանը թողեց մի ծանրակշիռ պատմագիտական ժառանգություն»: Սիմոնյանն իր խոսքն ավարտելիս ձայնը փոխանցեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի քարտուղար Յուրի Սուվարյանին: Նա ողջունեց ԵՊՀ-ի ռեկտորատին ու պատմության ֆակուլտետի ղեկավարությանը՝ բարձր գնահատելով Բաբկեն Հարությունյանի գիտական գործունեությունը: Ակադեմիայից ելույթ ունեցավ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա մեծարեց Հարությունյանին՝ նշելով, որ վերջինս ոչ միայն Հայոց պատմության Միջնադարյան շրջանի մասնագետ էր, այլ ողջ հայոց պատմությունը ծայրից ծայր անգիր գիտեր: 

  Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Դեմոյան Հայկն իր երախտապարտությունն ու հպարտությունը հայտնեց այն կապակցությամբ, որ եղել է Հարությունյանի ուսանողը: «Լինել Բաբկեն Հարությունյանի ուսանողը նշանակում է անցնել մի ամբողջ դպրոց»,-նշել է Դեմոյանը: Ապա զեկույցներով հանդես եկան հանգուցյալի կյանքն ու աշխատանքները մանրամասն ուսումնասիրած Արման Եղիազարյանը, ով անդրադարձավ Հարությունյանի պատմաաշխարհագրական աշխատություններին: Այնուհետև նրան հաջորդեցին Մովսիսյան Արտակը, Բադալյան Գեղամը և այլք: 

 

 Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան