Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

Նախիջևանի հիմնահարցին նվիրված գրքի շնորհանդեսը կայացավ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում երեկ` մարտի 10-ին: Հեղինակը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանն է: << Նախիջևանի հիմնահարցը 1920-1921 թթ.>> գիրքը   հեղինակի` այս հիմնահարցին նվիրված եռամաս ուսումնասիրության երրորդ` վերջին հատորն է:

<< Ըստ էության, պրոֆեսոր Զոհրաբյանը միակն է, որ այսքան խորությամբ զբաղվում է Նախիջևանի հիմնահարցով: Նա ստեղծել է բարձրարժեք աշխատանք, որը հիմնված է խորությամբ ուսումնասիրված արխիվային նյութերի վրա: Գիտենք, որ Նախիջևանի հարցը մեր պատմության մեջ ամենախրթին, խճճված հարցերից մեկն է: Բարդությունը կայանում է նրանում, որ նախևառաջ սա հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, հայ-ռուսական դիվանագիտական, քաղաքական հարաբերությունների հարց է >>,-գրքի հեղինակին և ներկաներին շնորհավորելով` ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ռեկտորը նաև հույս հայտնեց, որ երեք հատորներն էլ կթարգմանվեն անգլերեն լեզվով և կտարածվեն համացանցի միջոցով, որպեսզի օտարազգի ընթերցողը ևս հասկանա, թե ինչ է Նախիջևանի խնդիրը, և ինչու է այն մեզ համար կարևոր:

<< Այս մեծածավալ մենագրությունը պրոֆեսորի երկարատև աշխատանքի արդյունքն է: Գերազանցապես արխիվային վավերագրերի վրա հիմնված աշխատության մեջ բացահայտվում է, թե քեմալա-բոլշևիկյան համագործկցությունը ինչ հետևանքներ ունեցավ Հայաստանի համար : Հեղինակը ուսումնասիրել է Մոսկվայի և Կարսի կոնֆերանսներում այս հարցի շուրջ ադրբեջանական մոտեցման հիմքերը >>,- իր խոսքում նշեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:

Գրքի բովանդակությանը անդրադարձան և հեղինակին իրենց շնորհակալությունը հայտնեցին նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հումանիտար և հայագիտական բաժնի գիտական քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, ՀՀ մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մհեր Կարապետյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանը, <<Բանբեր Երևանի համալսարանի >> ամսագրի խմբագիր Հրաչիկ Միրզոյանը:

<< Սա մեծ ներդրում է հայկական հարցի դիվանագիտական պատմության  մեջ: Սակայն այսպիսի որակյալ ուսումնասիրությունները մնում են միայն մեր ընթերցողների շրջանակում և չեն դառնում միջազգային դիվանագիտության և պատմագրության ուսումնասիրության առարկա: Մենք` պատմաբաններս, պետք է հրատարակենք այսպիսի որակյալ աշխատանքները նաև օտար լեզուներով և դրանք տարածենք դրսում >>,- շնորհավորելով Էդիկ Զոհրաբյանին`ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը:

<< Նախիջևանը պատմական Հայաստանի տարածք է, և մենք չենք կարող անտարբեր լինել այս հարցի նկատմամբ: Տրված են խնդրի լուծման ուղիները, հիմնահարցի տեղն ու դերը հայ-ադրբեջանական, հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերություններում, թե ինչու և ինչպես հիմնահարցը փոխադրվեց ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտ, իսկ խորհրդայնացված Հայաստանը դուրս մղվեց դրա լուծման դիվանագիտական գործընթացից, հարցի քննարկումը կոնֆերանսներում, որոնցից վերջինը 1921թ.-ի Կարսի կոնֆերանսն էր >>,- նշում է գրքի հեղինակ Էդիկ Զոհրաբյանը:

<< Նախիջևանի հիմնահարցը 1920-1921 թթ. >> գրքի շնորհանդեսին ներկա էին ինչպես հեղինակի գործընկերները ՀՀԳԱԱ-ից ու ԵՊՀ-ից, այնպես էլ ԵՊՀ-ի ուսանողները:


Վերադառնալ