Ս.թ. մայիսի 19-ին Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում հանդիպում-քննարկում էր Գերմանիայի ձախերի կուսակցության անդամների պատվիրակության հետ: Ներկա էին Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերը և Համբուրգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջօղլուն, ինչպես նաև հասարակական գործիչ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, ԵՊՀ գիտ. քարտուղար Մենուա Սողոմոնյանը, ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, բաժինների ղեկավարները, աշխատակիցներ և ուսանողներ տարբեր ֆակուլտետներից: 

Գերմանիայում պատգմավորները պայքարում են Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման և այդ երկրի պատասխանատվության հարցը բարձրաձայնելու համար: Հանդիպման ժամանակ Ուլլա Ելպքեն ընդգծեց, որ այսօր անհրաժեշտ է մի բանաձև, որտեղ իրերն իրենց անունով կկոչվեն. «Բանաձևի քննարկումը պետք է տեղի ունենար ավելի վաղ, սակայն ի վերջո վերջնական ամսաթիվ նշանակվեց հունիսի 2-ը (Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թ.-ին ընդունել է 1915 թ.-ին օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում, սակայն, նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը): Մեզ համար շատ կարևոր է, որ դրանում ընդգրկվի Գերմանիայի մեղսակցության հարցը: Մենք ցանկանում ենք Գերմանիայի հասարակությանը իրազեկել, թե ինչ մասնակցություն են ունեցել գերմանացի զինվորները Հայոց ցեղասպանությունում գործընկեր Թուրքիային սատարելու նպատակով: Մեզ համար անընդունելի էին փորձերը` Գերմանիայի դերը անտեսել այս բանաձևում»: Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերը հավելեց, որ Գերմանիայի կառավարությունը, ցավոք, համագործակցում է Էրդողանի հետ և քննադատական վերաբերմունք չկա նրա տարած քաղաքականության հանդեպ: Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նշեց  Հասան Բուրգուջուօղլուն, շատ կարևոր է Գերմանիայում ապրող քրդերի ու չերքեզների համար, և ավելի մեծ ազդեցություն կունենա Գերմանիայում, քան կարծում են բոլորը: «Միայն ներողությունը չի բավարարի, պետք է փաստացի ապացուցվի, և իրերը կոչվեն իրենց անուններով: Հուսով եմ, որ Թուրքիան էլ մի օր խելքի կգա, կճանաչի Հայոց ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում ու անպայման կհատուցի»:

Լսարանին հետաքրքիր էր նաև պատգամավորների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ: Պարոն Դոլցերը նշեց, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն` ապրիլյան դեպքերի ժամանակ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին և անգամ նրանց զինվորներն են մասնակցել ռազմական գործողություններին «Որպես խաղաղության կուսակցություն՝ մենք գիտենք ինչ բան է պատերազմը, խոշտանգումները, հանցագործությունները մարդկության դեմ, ուստի ցանկանում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով և շեշտադրվեն մարդու իրավունքներն ու ինքնորոշման սկզբունքը»:

Հանդիպումն ավարտվեց փոխադարձ համագործակցության քննարկմամբ, մասնավորապես ՀՀԻ փոխտնօրեն Մ. Հովհաննիսյանը՝ որպես գիտակրթական ոլորտի ներկայացուցիչ, առաջարկեց համատեղ ստեղծել մի հարթակ, որը կնպաստի Հայկական հարցի և Ղարաբաղյան հիմնախնդրի մասին գերմանական հասարակությանը առավել տեղեկացված լինելուն: Այս քննարկումը փաստեց, որ համագործակցությունը դեռ կշարունակվի, որով հնարավորություն կընձեռնվի հասնել նկատելի արդյունքների Հայկական հարցի և Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առնչությամբ: 

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան