Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

    Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյան 
 ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյան   ՀԲԸՄ ՀՎՀ ռեկտոր Երվանդ Զորյան  Գրիգոր Ղազարյան
 Արթուր Ավագյան  Սերգեյ Սայադով (ՌԴ)  Սամվել Մարտիրոսյան
 Աշոտ Ավետիսյան (ՌԴ)  Հայր Պետրոս Մանվելյան (Լիբանան)  Հայր Մաշտոց Զահթերյան (Լիբանան)
 Րաֆֆի Դեմիրճյան (Լիբանան)  Շուշան Փիլիպոսյան  Մարիամ Մարտիրոսյան (Ուկրաինա)

 

 Այսօր ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում ավարտվեց օգոստոսի 25-ին մեկնարկած «Հայկական աշխարհը համացանցում» միջազգային գիտագործնական գիտաժողովը:

 Օգոստոսի 25-ին տեղի ունեցան «Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում» և «Տեղեկատվական անվտանգության մարտահրավերները համացանցում» թեմատիկ նիստերը, որտեղ զեկույցներով հանդես եկան  զեկուցողներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Իրանից:  

 Առաջին թեմատիկ նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

 «Հայկական աշխարհը համացանցում. հիմնախնդիրներ և զարգացումներ» զեկուցումով հանդես եկավ պ.գ.թ., ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Վերջինս իր զեկույցում ներկայացրեց համացանցում տարվող ակտիվ գործունեությունը՝ ինչպես ԵՊՀ կայքի, այնպես էլ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի յոթ թեմատիկ կայքերի օրինակով: Խոսեց ԵՊՀ-ում հատկապես 2010 թվականից մեկնարկած, վիրտուալ հարթակում ներկայացված գիտական-կրթական մի շարք կայքերի, ծրագրերի մասին: Խոսեց հատկապես տեխնոլոգիական վերջին զարգացմամբ պայմանավորված նյութերի ներկայացվածության մասին:

 Խոսելով ազգային առաջնահերթությունների մասին՝ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը (ԱՄՆ) կարևորեց հայոց լեզվի և հայկական մշակույթի պահպանումը: Զորյանը ներկայացրեց համալսարանի կողմից ստեղծված մի քանի ծրագրեր և դրանց կիրառությունը, առցանց շտեմարանի գործունեությունը:

 «Հայազգ» էլեկտրոնային հանրագիտարանը. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» զեկույցով հանդես եկավ Ռուսաստանի «Դոնի Նոր Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը: Սայադովը ներկայացրեց հանրագիտարանը, կայքի վրա կատարված աշխատանքները՝ նշելով, որ դրանում ընդգրկված են հայոց պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին և հայագիտական բազմաբնույթ այլ թեմաներին առնչվող հոդվածներ։ «Սա ընտրության մեծ հնարավորությամբ էլեկտրոնային հանրագիտարան է»,- ասաց նա՝ հավելելով, որ կայքում բացի հոդվածներից կարելի է գտնել էլեկտրոնային գրքեր, ֆիլմեր, աշխարհի թանգարաններ, որոնք ինչ-որ կերպ առնչվում են հայերի ու Հայաստանի հետ։

 Զեկույցներով հանդես եկան նաև՝ «Նորավանք» հիմնադրամի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Հակահայկական տեղեկատվական գործունեությունը համացանցում», Մոսկվայի «Տապան» թանգարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը «Համացանցի դերը ռուսաստանյան սփյուռքում համայնքային զարգացման և ազգային ինքնության պահպանության գործում», Ինովացիոն և արդյունաբերական զարգացման հիմնադրամի փորձագետ Մարգարիտա Ղազարյանը «Հայկական մշակույթի և արվեստի էլեկտրոնային ներկայացուցչությունների որակի և պահանջվածության համեմատական վերլուծություն՝ վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի վարկանիշի հիման վրա»,Գրիգորի Վահանյանը «Հայկական իրականությանը վերաբերող համացանցային հրապարակումներըիտալերեն լեզվի դասընթացներում» թեմաներով: Գիտաժողովն աշխատանքն ավարտեց օգոստոսի 26–ին՝ «Սփյուռքը համացանցային հարթակում» թեմատիկ նիստով:

 Համայնքային և Սփյուռքում կրոնական կառույցների համացանցային խնդիրների շուրջ իրենց դիտարկումները կատարեցին Լիբանանի ներկայացուցիչներ Հայր Պետրոս Մանվելյանը («Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Առաքելությունը համացանցի ճամբով»), Հայր Մաշտոց Զահթերյանը («Զմմառի վանքի համացանցային կառույց»), Րաֆֆի Դեմիրճյանը («Լիբանանահայ գաղութը, ազգային ինքնությունը և ընկերային ցանցերը») զեկույցներով:

 Նիստերի ավարտին զեկուցողները և ներկաները բավականին ակտիվորեն մասնակցում էին համացանցում նախաշված հիմնախնդիրների շուրջ ծավալվող քննարկումներին՝ հանդես գալով տարբեր առաջարկություններով՝ հետագա համագործակցությունը շարունակելու ակնկալիքով:


Վերադառնալ