Սեպտեմբերի 24-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ Հայաստանի և Սփյուռքի հայտնի հասարակական գործիչների մասնակցությամբ։ Ասուլիսը կրում էր «Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիները.  ձեռքբերումներ և չլուծված խնդիրներ. Հայաստան-Սփյուռք հարաբերությունները. երկրի ներկան և զարգացում տանող բարեփոխումները. ապագան և անվտանգության երաշխիքները» խորագիրը։

 Բանախոսներն էին ամերիկահայ գրող, հասարակական ակտիվիստ, «Կալիֆորնիա կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, պատմաբան, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

 Բացմանը իր տեսակետներն առաջինը ներկայացրեց Ռուբեն Սաֆրաստյանը, ըստ որի՝ 25 տարին դեռևս մեծ ժամանակաշրջան չէ, բայց  այն մեր ժողովրիդի համար եղել է շատ հագեցած: «Առաջինը, որ կընդգծեմ, 25 տարների ընթացքում ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն կայացման գործոնն է դժվար աշխարհաքաղաքական պայմաններում: Կայացանք որպես մի պետություն, ով հստակ և հաստատակամորեն օգնության ձեռք մեկնեց նաև Արցախի կայացման գործին: Նշեմ, որ այս 25 տարիների ընթացքում ունեցանք նաև դժվարին ու բարդ տարիներ, եղան խնդիրներ նաև ներքին կյանքի կայուն զարգացման գործում, ինչ-որ բաներ բաց թողեցինք, որոշ բաներ հաջողվեց: Բայց ասել, թե ամեն ինչ լավ կամ վատ է եղել, սխալ կլինի: Ակնկալիքներ դեռևս շատ ունենք՝ հատկապես անկախության սերնդից»:

 Շահան Գանդահարյանը՝ որպես սփյուռքը ներկայացնող գործիչ, խոսեց նախ երկար ժամանակ անկախություն չունենալու մասին: Նրա խոսքով՝ 25 տարվա անկախության գործոնը հոգեբանական մեծ ազդեցություն է ունեցել և շարունակում է ունենալ նաև Սփյուռքի վրա՝ ինքնության առումով դրսում գործելու, աշխատելու տեսանկյունից: Անկախությունն ազդել է նաև պետական և քաղաքական գործունեության համատեղ ծավալելու  գործում: «Սփյուռքում միշտ շեշտված է եղել ձուլման վտանգը, և անկախության ձեռք բերումը, պահպանումը այն հզոր գործոնն էր, որ ապահովեց կապը հայրենիք-Սփյուռք հետագա հզորացման գործում: Անկախությունը դարձավ հզոր պատնեշ սփյուռքահայերի համար, ինչպես նաև նպաստեց նրան, որ մենք կարողանանք մեր պետականության թիկունքը ճգնաժամային պայմաններում ավելի ամուր պահելու», - նշել է Շ. Գանդահարյանը:

 Էդիկ Մինասյանը, իր հերթին, խոսեց քառորդ դար ունեցած ձեռքբերումների մասին. «Այս անկախությունը մենք ձեռք բերեցինք իրապես դժվարին պայմաններում: 1990-ական թվականներից կար մեր պետականության պահպանման, գոյատևման, անկախ գործելու խնդիրը: Երկիրը գտնվում էր շրջափակման մեջ, անցել էինք ավերիչ երկրաշարժի միջով: Այս բոլոր դժվարություններից հետո 1990 թ. անկախության հռչակագիրը մեր պետականությունը ինքնուրույն կերտելու, զարգացնելու հիմք դրեց»: Մինասյանը խոսեց նաև ձեռքբերումների մասին՝ ընդգծելով, առաջին հերթին, ինքնուրույն պետական կառավարման համակարգի առկայությունը՝ իր թերություններով հանդերձ: Հաջորդ ամենամեծ նվաճումը հերոսական պայքարի շնորհիվ Արցախի ազատագրումն էր: Մինասյանը կարևորեց հատկապես 3-րդ հանրապետության  կայացմանը զուգահեռ ազգային բանակի ստեղծման գործոնը:

 Հարութ Սասունյանն էլ որպես սփյուռքի ներկայացուցիչ ներկայացրեց իր տեսակետները, դիտարկումները: «Ես օբյեկտիվ կարող եմ ասել, որ ունեցել ենք և´ ձեռքբերումներ, և´ միաժամանակ կորուստներ: Երկու ձեռքբերում կնշեմ. առաջինն Արցախի անկախացումն է, երկրորդն այն է, որ 25 տարի է, ինչ Հայաստանը եկկողմանի շրջափակման մեջ է, և, հակառակ այս շրջափակմանհայ ժողովուրդը կարողացավ հաղթահարել, գոյատևել այս խնդիրները և տնտեսական աճ գրանցել»: Սասունյանը խոսեց արտագաղթի վտանգների մասին, որը  մտահոգիչ թվաքանակի է արդեն հասել: Խոսեց նաև տնտեսական  վատ պայմանների, Սփյուռքի ռեսուրսների ոչ ճիշտ և նպատակային օգտագործման մասին:

 Ասուլիսի վերջում լրագրողները իրենց հարցերը ուղղեցին բանախոսներին: Տեղի ունեցավ հարց ու պատասխան, ակտիվ քննարկում

 

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան