Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

     
     

 

  Հոկտեմբերի 19-ին Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ «Լրատվական դաշտը ԱՄԷ-ում» թեմայով բաց դասախոսություն: Բանախոսն ԱՄԷ-ում գործող «Այգ» առցանց ռադիոկայանի ղեկավար Շաքե Մանկասարյանն էր: Դասախոսությունը ընդգրկում էր տպագիր և առցանց, հեռուստատեսություն և ռադիո, լրատվական գործակալությունների գործունեության լուսաբանման թեմատիկաները:

 Շաքե Մանկասարյանը ներկայացրեց Դուբայում, Աբու Դաբիում, Շարժայում գործող տպագիր մամուլի, լրատվական կայանների՝ անգլերեն և արաբերեն լեզուներով գործող լրատվամիջոցների  գործունեությունը: Խոսվեց ԱՄԷ-ում գործող լրատվամիջոցների էթիկայի կանոնագրքի՝ մասնավորապես արաբական երկրներում քննադատական լրագրության մասին, համեմատական վերլուծություն տարվեց հայակական մեդիա դաշտի հետ: Քննարկվեց առհասարակ Հայաստանի և հայկական թեմատիկայով նյութերի ներկայացվածության խնդիրը ԱՄԷ-ում: Ցավով նշեց, որ պետական կամ համայնքային մակարդակով ոչ մի ֆինանսական աջակցություն չի տրամադրվում, գործող կայքերը, բլոգները և կայաններն աշխատում են բացառապես անհատների միջոցով: Նրա խոսքով հայկական նյութերի ներկայացվածությունը ևս շատ քիչ է  Էմիրություններում: Անդրադարձ էլ եթե լինում է, ապա ինչ-որ կրոնական միջոցառումների վերաբերյալ է, որն էլ տպագիր տարբերակով ներկայացվում է Հայկական եկեղեցու հովանավորությամբ:

 Այնուհետև ներկայացրեց Էմիրություններում գործող ռադիո և հեռուստատեսային  կայանների աշխատանքային գործելաոճը և խնդիրները: Քննարկման առարկա դարձավ նաև ԱՄԷ-ում գործող հայկական համայնքի գործունեությունը, համայնքի խնդիրների  բարձրաձայնումը և լուսաբանումը հեռուստատեսությամբ: Եվ այստեղ խոսեց համայնքի ավելի ներփակված վիճակի մասին: Անդրադառնալով «Այգ»  առցանց ռադիոկայանին՝ բանախոսը շեշտեց, որ ունեն  և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն քսանչորսժամյա առցանց թողարկում, ունկնդիրներն աշխարհի տարբեր երկրներից են: Ռադիոկայանը նաև սերտ համակործակցում է Ամերիկայի, Ավստրալիայի հայկական համայնքների հետ, Հայաստանի հանրային ռադիոյի, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հետ:

 Ներկայացվեց այն հիմնական հեռուստաալիքները և, առհասարակ, արաբական տեղեկատվական հարթակները, որոնք ակտիվորեն լուսաբանում, արտացոլում են երկրում առկա խնդիրներն արագընթաց փոփոխությունների ֆոնին: Նրա խոսքով՝ արբանյակային հեռարձակումը լսարանին ապահովում է ընտրության լայն հնարավորություն, և այստեղ ռադիոն, բնականաբար, զիջում է իր դիրքերը՝ չկորցնելով իր հավատարիմ ունկնդիրներին:  

 Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀԻ աշխատակիցները, ովքեր  դասախոսության ընթացքում ակտիվ հարց ու պատասխանի միջոցով քննարկում էին ոլորտի նմանություններն ու տարբերությունները, համեմատականներ անցկացնում տարբեր երկրների լրատվական դաշտերի միջև:

 Հավելենք, որ ԵՊՀ ՀՀԻ-ն առաջիկայում նախատեսում է նմանատիպ բաց դասախոսությունների շարքին տալ պարբերական բնույթ՝ նպատակ ունենալով ներկայացնել ո՛չ միայն Սփյուռքում գործող հայկական առցանց և տպագիր մամուլի, այլև տվյալ երկրում գործող մամուլի գործունեությունը, գործելաոճը և առանձնահատկությունները:


Վերադառնալ