Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

  Հայերը եղել են Ռուսաստանում 15-րդ դարից սկսած և մեծ դեր են կատարել Ռուսաստանի պատմության, ռազմական գործի, մշակույթի, գիտության, տնտեսության զարգացման գործում:

Հոկտեմբերի 26-ին Մոսկվայի եկեղեցական համալիրի հանդիսությունների սրահում մեկնարկեց «Հայերի ներդրումը Ռուսաստանի մշակույթի և պատմության մեջ 18-20-րդ դդ.» միջազգային գիտաժողովը: Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ողջույնի և օրհնանքի խոսքը ներկաներին փոխանցեց Տեր Գևորգ քահանա Վարդանյանը: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանն իր խոսքում կարևորեց նման գիտական միջոցառումների անցկացումը, քանի որ վավերագրերի և փաստաթղթերի հիման վրա պատմական փաստերին ճշգրիտ գնահատական են տրվում՝ զերծ մնալով պատմական աղճատումներից:

70-ից ավելի հայագետների ողջունեց նաև Մոսկվայի շրջանի գլխավոր արխիվի ղեկավար Պյոտր Պետրովը՝ նշելով, որ թեև արխիվում հայերին վերաբերող մեծաքանակ փաստաթղթեր չկան, սակայն այն, ինչ կա, արժեքավոր տեղեկություններ են պարունակում Ռուսաստանի հայկական եկեղեցիների մասին. «Մենք ուրախ ենք ընդգծել, որ ունենք նման փաստաթղթեր և պատրաստ ենք տրամադրելու ու օգնելու»:

Անդրադառնալով Ռուսաստանում Հայոց թեմի հիմնադրման 300 ամյակին, ինչպես նաև Իսրայել Օրու և Մինաս Վարդապետի գործունեությանը՝ գիտաժողովի առաջին բանախոս տեխնիկական գիտությունների թեկնածու Վահրամ Կարապետյանը նշեց, որ այդ անձերի շնորհիվ են սերտացել հայ-ռուսական հարաբերությունները և դրվել Ռուսահայոց թեմի ստեղծման նախահիմքը: ՌԴ դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի անդամ ի.գ.դ. պրոֆեսոր Ռաֆայել Զինուրովը ներկաներին ողջունեց հայերեն, ինչը հաճելիորեն զարմացրեց ամենքին:

Բանախոսները անդրադարձ կատարեցին նաև Լազարյանների մշակութային ժառանգությանը, Ռուսաստանի հայ եկեղեցիների և հոգևոր առաջնորդների գործունեությանը, Գարեգին Նժդեհի գործունեությանն ու հոգևոր ժառանգությանը:

Հոկտեմբերի 27-ին գիտաժողովը շարունակվեց մարզային դումայի շենքում: Մասնակիցների և հյուրերի համար համալիրի Տարոն թանգարանում բացվել էր արխիվային նյութերի ցուցադրություն:

Միանշանակ է այն, որ մեր պարտքն է ճանաչել և օտարների համար էլ ճանաչելի դարձնել մեր պատմության ու մշակույթի հարուստ ժառանգությունը՝ արժևորելով մեր անցյալը, առավել իմաստալից դարձնելով մեր ներկան և այդ փորձառությամբ վստահ քայլելով դեպի վաղվա օրը:

 

 


Վերադառնալ