Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

 Ս.թ. ապրիլի 13-ին և 14-ին Երևանի պետական համալսարանի  գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայոց պատմության նոր պարբերացման խնդիրները» թեմայով փակ գիտաժողով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նախագահությամբ:

 Գիտաժողովը կազմակերպվել էր «Հայաստանի պատմագետների միություն» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի, միջազգային հարաբերությունների և պատմության ֆակուլտետների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի պետական մանկավարժական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանների, ՀՀ ազգային արխիվի, Վանաձորի և Արցախի պետական համալսարանների հետ գործակցությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:

 Գիտաժողովի նպատակն էր վերանայել հայոց պատմության դասական պարբերացումն ու նոր ձևաչափեր մշակել հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստին հարմարեցնելու համար: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հավաստմամբ՝ պատմագիտության այն հարցերը, որոնք պահանջում են նոր մոտեցումներ և հակասական ներուժ են կրում, պետք է քննարկվեն նման կլոր սեղանների, գիտաժողովների միջոցով և ստանան որոշակի պատասխաններ հետագա գործընթացները կազմակերպելու համար. «Խոսելով համամարդկային գործընթացների մասին, լինելով այդ ամենի մի մասնիկը և ենթարկվելով ընդհանուր պարբերացման կանոններին, այնուամենայնիվ  մեր պատմությունն ունի իր առանձնահատկությունները, որոնց մասին այսօր կարիք կա խոսելու»:

 ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն պ.գ.դ. պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը իր ողջույնի խոսքում շեշտեց անկախ Հայաստանի պայմաններում Հայաստանի պատմագետների միության ստեղծման և գործնական հողի հայոց պատմության պարբերացման հարցի քննարկման կարևորությունը: Իսկ Հնագիտության ինստիտուտի տնօրեն պ.գ.դ. Պավել Ավետիսյանը հավելեց, որ եթե համեմատենք համաշխարհային պատմության պարբերացման ընկալումներն ու մոտեցումները և 1992 թվականին հայ պատմաբանների առաջադրած պարբերացման նոր չափանիշները, այսօր դրանց դրվագային դրսևորումները, ապա հստակ կընդգծվի, թե ինչ հակասություններ կան նախկին և ներկայիս համընդհանուր հնչողություն ստացած համաշխարհային պատմության ելակետային չափանիշների, հիմնական հասկացությունների և հայոց պատմության պարբերացման համար որպես հիմք ծառայող չափանիշների և երևույթների միջև:

 Երկօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 10 զեկուցում: Այդ թվում զեկույցներ ներկայացրին նաև Արևելագիտության ինստիտուտի տնօրեն պ.գ.դ. պրոֆեսոր Ռ. Սաֆրաստյանը, Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Ա. Շահնազարյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան պ.գ.դ. պրոֆեսոր Է. Մինասյանը, Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ պ.գ.դ. Ա. Եղիազարյանը, պ.գ.դ. պրոֆեսոր Վ. Թունյանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.դ. պրոֆեսոր Ե. Մարգարյանը, Վանաձորի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Ֆ. Մովսիսյանը, ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը:

 Քննարկվեցին հին, միջին և նոր ժամանակների պարբերացումները, ինչպես նաև ամեն մի զեկուցող-պատմաբան առաջարկեց դրա շուրջ իր տեսությունը: Խոսվեց նաև հնագիտական ու քաղաքակրթական պարբերացումների մասին, համեմատություններ կատարվեցին արևմտյան ու արևելյան աշխարհների պարբերացման մեթոդների միջև և նշվեց, որ, այնուամենայնիվ, բոլոր ազգերի պատմությունները չեն կարող դիտարկվել եվրոպական պարբերացման մոդելով՝ հաշվի առնելով այն, որ ասիական քաղաքակրթություններն ավելի վաղ ծագում ունեն: Առանձին զեկուցումով անդրադարձ կատարվեց նաև Հայկական սփյուռքի պատմության շրջափուլերին՝ կարևորելով դրա ընդգրկումը Հայաստանի պատմության համատեքստ:

 Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան հարց ու պատասխանի միջոցով պարզաբանել մտահոգող հարցերը:


Վերադառնալ