Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում ավարտվեց 2017 թվականի հուլիսին կայանալիք «Սփյուռք» ամառային դպրոցի» կրթական մասի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցերի քննարկումը: Ծրագրի պատասխանատու, ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը  հանդիպումներ ունեցավ դպրոցի համապատասխանաբար հինգ ուղղությունների՝ «Հայոց լեզվի արագացված ուսուցում», «Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում», «Լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության», «Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ» դասընթացների պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում լրամշակվեցին և ամփոփվեցին դասընթացին մասնակից դասախոսների անունները, նախատեսվող դասախոսությունների բովանդակային ու մեթոդաբանական խնդիրները և դասաժամերի ժամանակացույցը:  

Այնուհետև, ծրագրի կրթական մասի նախագիծը քննարկվեց Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի հետ կայացած երկու հանդիպումների ընթացքում, որոնց ժամանակ վեր հանվեցին հնարավոր թիրախային խնդիրները և ամփոփվեցին հինգ ուղղությունների կրթական ծրագրերը: