Ս. թ. հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահական նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սիրիահայերի հիմնահարցեր. պատմություն և արդիականություն» վերնագիրը կրող հանրապետական գիտաժողովը:  

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ՊԻ Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը: Գիտաժողովին իրենց ողջույնի խոսքը ներկայացրին ՀՀ Սփյուռքի նախարարի ներկայացուցիչ, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանն ու ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Գիտաժողովը բաղկացած էր երկու նիստերից, որոնցից առաջինը նվիրված էր պատմական, իսկ երկրորդը՝ արդիական հիմնահարցերին:

Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան մի շարք անվանի դոկտորներ, թեկնածուներ ու հետազոտողներ, մասնավորապես՝ Վերժինե Սվազլյանը, Հակոբ Չոլաքյանը, Գևորգ Յազճյանը, Անի Ֆիշենկճյանը, Աբրահամ Գասպարյանը և այլք: 

Զեկույցների թեմաներից էին «Հայոց ցեղասպանությունից վերապրած սիրիահայերի նպաստը պատմական հիշողության վերականգնման գործում» (Վ. Սվազլյան), «Հայ դպրոցը Սիրիայի անկախացումից հետո» (Հ. Չոլաքյան), «Հալեպահայ պղնձագործներ. Գալեմքեարյաններ» (Հ. Թոքմաճյան), «Սիրիահայությունը և սիրիական պատերազմը» (Ն. Սարգիսյան), «Պատերազմը Սիրիայում. մարդասիրական, բարեսիրական և այլ կազմակերպությունների օժանդակությունը սիրիահայությանը» (Ա. Ֆիշենկճյան) և այլն:

Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում ու արդյունքների ամփոփում, որի ընթացքում Ա. Մելքոնյանը նշեց, որ հայկական սփյուռքին վերաբերող հիմնահարցերն առավել ակտիվությամբ պետք է արծարծվեն՝ շեշտելով հայրենիքի հզորացման հարցում գործնական քայլեր ձեռնարկելու կարևորությունը:  

 

Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան