Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

  

 Դեկտեմբերի 21-ին Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ Բաբկեն Հարությունյանի անվան պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի կողմից գիտահետազոտական աշխատանքների շրջանակներում կազմված Հայոց ցեղասպանության անգլալեզու ատլասի և Հայ-օսմանական առնչությունների բաժնի կողմից կազմված Օսմաներենի բուհական դասագրքի շնորհանդեսը:

 Բացման խոսքով հանդես եկավ ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը: Նա անդրադարձ կատարեց այս ամիսների ընթացքում ատլասի կազմման աշխատանքներին՝ նշելով, որ անխակությունից ի վեր Հայաստանում նման ծավալի և բովանդակության աշխատություններ տպագրվում են առաջին անգամ:

 «Ատլասի հրատարակումը ինքնանպատակ չի եղել, և այն եզակի է իր բնույթով: Մեր գլխավոր նպատակը այն է, որ այս կերպ  կարողանանք հնարավորություն տալ օտարազգի հետազոտողներին, տարբեր պաշտոնական ատյաններին և, առհասարակ, Հայոց ցեղասպանության խնդրով հետաքրքրվողներին հանգամանալից ուսումնասիրել թեման: Մենք նախատեսում ենք հետագայում ատլասը թարգմանել այլ օտար լեզուներով ևս»,- նշեց Մ. Հովհաննիսյանը:

 Բաբկեն Հարությունյանի անվան պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայի  ղեկավար Վարդան Մխիթարյանը խոսեց ատլասի բովանդակային մասի շուրջ: Նշեց, որ ատլասում ներկայացված են Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր հարցեր և պատմական իրադարձություններ՝ հայ-թուրքական պատերազմ, Համիդյան կոտորածներ, արևելահայերի կոտորածներ և Մայիսյան հաղթանակներ, Բաքվի հայերի կոտորած, մշակութային եղեռն, Սփյուռքի ձևավորում և այլն: Ատլասում ներառված են նաև պայմանագրեր, փաստաթղթեր և նկարներ: Զուգահեռաբար ներկայացվում է նաև հայերի դերը Օսմանյան կայսրությունում և Ռուսական կայսրությունում: Ատլասի վերջին հատվածում անդրադարձ կա նաև Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:

Հեղինակը նշեց, որ Հայոց ցեղասպանության ատլասի կազմման աշխատանքներին մասնակցել են ԵՊՀ պատմության, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների ներկայացուցիչներ, ՀՀԻ աշխատակիցներ, ինչպես նաև օժանդակել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը: Ատլասի գլխավոր խմբագիրը ԵՊՀ ռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սիմոնյանն է, իսկ առաջաբանի հեղինակը Ֆրանսիայի Մոնպելեի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Դեդեյանն է:

 Հաջորդիվ ներկաների դատին ներկայացվեց Օսմաներենի բուհական դասագիրքը: Մհեր Հովհաննիսյանը խոսեց օսմաներենի և  դրա դասավանդման խնդիրների մասին. «Այսօր  մեզ համար խիստ կարևոր է օսմաներենի դասավանդումը: Այդ լեզվով գրվել են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք վերաբերվում են Հայոց ցեղասպանության խնդրին և մենք նպատակ ունենք հետագա ուսումնասիրությունների համար պատրաստել մասնագետներ, ովքեր կկարողանան օսմաներենով կատարել խորը և համապարփակ փաստաթղթային ուսումնասիրություններ»:

 Շնորհանդեսին ելույթներ ունեցան նաև Օսմաներենի բուհական դասագրքի հեղինակային խմբի անդամները՝ ՀՀԻ հայ-օսմանական առնչությունների բաժնի աշխատակիցներ պ.գ.թ., պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Սահակյանը, և բ.գ.թ. Անի Սարգսյանը:

 «Նորանկախ Հայաստանում, ԵՊՀ-ում և հատկապես ՀՀԻ-ում հսկայածավալ աշխատանքներ են տարվել օսմաներենի ուսումնասիրության և դասագրքաստեղծ գործունեության ոլորտում: Օսմաներենի դասագրքի կարևորությունը ակնհայտ էր հայաստանյան բուհերում և Սփյուռքի տարբեր համայնքներում: Մինչև այժմ օսմաներենի դասավանդման համար մենք  օգտագործել ենք արտասահմանյան տարբեր բուհերի կողմից տպագրված դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: Այս դասագրքում ներկայացրել ենք հայ օսմանագիտության ավանդույթները և պատմությունը»,- նշեց Ալեքսանդր Սաֆարյանը:

 Հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանը իր հերթին խոսեց դասագրքի ստեղծման մասին: Նշեց, որ հատկապես մեծ ուշադրություն է դարձվել օսմաներենի դասավանդման մեթոդներին, սկզունքներին, որպեսզի դասագիրքը լինի ավելի հանրամատչելի ուսանողության համար:

 «Վստահ եմ, որ դասագիրքը լավ յուրացնելու դեպքում լեզուն սովորած ցանկացած ուսանող կկարողանա կատարել օսմանյան վավերագրերի և փաստաթղթերի ուսումնասիրություն և համապատասխանաբար որակյալ թարգմանություններ»,- նշեց Լ. Սահակյանը:

 Օսմաներենի դասագրքի համահեղինակ բ.գ.թ. Անի Սարգսյանը ներկայացրեց գրքի կառուցվածքը: «Դասագիրքը բաղկացած է 32 դասից: Ուսանողը մեկ  ուսումնական տարվա ընթացքում կարող է ուսումնասիրել օսմաներենի քերականությունը և ծանոթանալ երկու շրջանի տեքստերին, կկարողանա կատարել թարգմանություններ: Մենք  առաջիկայում նախատեսում ենք մեր հաջորդ աշխատանքը նվիրել օսմանյան վավերագրերի և փաստաթղթերի թարգմանության ձեռնարկ ստեղծելուն»,-նշեց նա:

 Անի Սարգսյանը նշեց, որ դասագիրքը լայն հետաքրքրություն է առաջացրել Հունաստանի և Թուրքիայի օսմանագետների շրջանում: Նշեց, որ արդեն կա մեկ գրախոսություն Թուրքիայի Ստամբուլի համալսարանի գլխավոր օսմանագետի կողմից, որը շուտով կհրատարակվի Ստամբուլի համալսարանի թերթում:  

 Ամփոփելով միջոցառումը՝ Մհեր Հովհաննիսյանը իր շնորհակալական խոսքը ուղղեց երկու գրքերի հեղինակային ողջ կազմին: 


Վերադառնալ