Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

  Սփյուռքի հետ գործակցության շրջանակներում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ստանձնած կարևոր աշխատանքներից մեկը Հայոց պատմության դպրոցական դասագրքերի պատրաստումն է: 2018 թ. մարտի 14-ին մասնագիտական խումբը (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Արամ Սիմոնյան (խմբի ղեկավար), պ.գ.դ, պրոֆեսոր Էդիկ Մինասյան, պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյան, պ.գ.դ, պրոֆեսոր Հայրապետ Մարգարյան, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Հայրունի, պ.գ.դ., դոցենտ Արման Եղիազարյան, պ.գ.թ., դոցենտ Հովիկ Գրիգորյան, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հովհաննիսյան, Հայոց պատմության ամբիոնի ասիստենտ Գեղամ Բադալյան, բ.գ.թ. Մերի Հովհաննիսյան (սրբագրիչ, խմբագիր), պ.գ.թ. Վարդան Մխիթարյան (քարտեզագիր)) գումարեց իր հերթական նիստը քննարկելու 4-6-րդ դասարանների դասագրքերի լեզվագիտական և մասնագիտական խմբագրման ի հայտ եկած հարցերը: Մասնագիտական խմբի անդամ, ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը հաշվետու խոսքի մեջ նշեց, որ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ աշխատանքներ են իրականացնում դիզայներական խմբի ձևավորման համար՝ հավելելով, որ մոտ օրերին պատրաստ կլինեն առանձին դասերի դիզայներական լուծումներ ստացած տարբերակները: Դրանց հաջող լինելու դեպքում ցուցաբերված լուծումները կկիրառվեն նաև բոլոր դասագրքերի վրա: Դիտարկվեցին նաև 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի հարցը և երկու հեղինակների ներկայացրած դասերի օրինակները խմբի մյուս անդամների կողմից քննության առնելու համար տրվեց երկու ամիս ժամանակ: Այդ ընթացքում նախատեսվում է նաև ավարտին հասցնել նշված դասագրքերի մյուս բաժինները: Զուգահեռաբար քննարկվեցին նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության գործընկերների մշակած առաջարկները, որոնք ի գիտություն ընդունվեցին: Դիտարկվեցին աշխատանքի ընթացքում ի հայտ եկած տեխնիկական, մեթոդաբանական հարցերը, որոնց շուրջ ձևավորվեցին միասնական մոտեցումներ: Հավելենք նաև, որ դասագրքերը ոչ միայն կունենան սփյուռքահայերի համար նախատեսված մասնագիտական կուռ բովանդակություն, այլ նաև դասագրքերի համար նախատեսված արդի դիզայներական լուծումներ, մեթոդական անհրաժեշտ մոտեցումներ, հագեցված կլինեն թեմատիկ քարտեզներով: 

Հիշեցնենք, որ ծրագրի գաղափարը սկիզբ առավ 2013 թ., երբ Բեյրութում աշխատանքային այցով գտնվող ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ծանոթանալով տեղի հայկական դպրոցներում Հայոց պատմության դասավանդման խնդիրներին, Համազգայինի Վահե Սեթյան հրատարակչության տնօրեն Հակոբ Հավաթյանի հետ քննարկել էր դասագրքերի ստեղծման հնարավորության հարցը: Արդյունքում երկու կառույցների ղեկավար կազմերի վերջնական համաձայնության գալուց հետո՝ 2014 թ. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորած մասնագիտական խումբը սկսեց իրականացնել դասագրքաստեղծ աշխատանք: Հատկանշական է ընդգծել, որ հայրենի պատմագետները աշխատանքները իրականացնում են առանց որևէ ֆինանսական ակնկալիքների, իսկ Լիբանանում դասագրքերը հրատարակելու պատրաստակամությունն էլ իր վրա վերցրեց Համազգային միությունը:  Իրականացվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հետ համատեղ: Աշխատանքների շրջանակներում մասնագիտական խմբի մի շարք անդամներ, այցելելով Լիբանանի հայկական դպրոցներ, մասնագիտական քննարկումներ և դասալսումներ անցկացրեցին տեղի հայկական դպրոցներում


Վերադառնալ