Մարտի 18-ին Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Լուսինե Սահակյանի «Համշենը հայկական ձեռագրերում» մենագրության շնորհանդեսը:

 Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը, գիտնականներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, համշենցիներ, հյուրեր արտրերկրից, ուսանողներ և այլք:

 Շնորհանդեսի մեկնարկը տրվեց Համշենի  վերաբերյալ ֆիլմից մի հատվածի ցուցադրությամբ:

 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:  Նա առաջնահերթ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին գրքի և հետազոտության անցկացմանը աջակցելու համար: Խիստ կարևոր ու արժեքավոր գնահատեց աշխատությունը հետազոտողների, ինչպես նաև ուսանողների համար:

 Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:  «Համալսարանում մենք կարևորում ենք համշենահայության մասին գիտական ուսումնասիրությունները: Երևանի պետական համալսարանն իր ուժերի ներածին չափով աջակցել է Համշենի ու համշենահայերի մասին ուսումնասիրությունը իրականացնելու համար, ինչպես նաև իր երախտիքի խոսքը հայտնեց ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեին, ի դեմս  կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, ում  սրտացավ վերաբերմունքի շնորհիվ կարողացավ առանձնահատուկ նշանակություն ունեցող մի շարք հոդվածներ, աշխատություններ ու կինոֆիլմեր ստեղծել Հայագիտության հետազոտությունների ինստիտուտում, դրանց թվում՝ այս նոր աշխատությունը

 Հեղինակը պատմաբանասիրական քննության է ենթարկել ձեռագրերում համշենցի գրիչների թողած հիշատակարանները, որոնք բացառիկ և արժեքավոր տեղեկություններ են հայտնում հայոց Համշեն գավառի պատմության, իշխանության, ժողովրդագրության, տեղանունների և անձնանունների, ժողովրդական հավատալիքների, լեզվավիճակի, բնակչության զբաղմունքի վերաբերյալ: Որպես պատմաբան ես շատ բարձր եմ գնահատում աշխատությունը»,- նշեց ռեկտորը:

 Ելույթ ունեցավ նաև ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա ընթերցեց գիտության կոմիտեի ուղերձը, նշելով որ կոմիտեում առաջնահերթ է եղել հայագիտության ոլորտի  հետազոտությունների աջակցությունը և քանի ինքը հանդիսանում է կոմիտեի ղեկավար, առաջնահերթությունը և աջակցությունը  շարունակական է լինելու: 

 «Ձեռագրերն անգնահատելի գիտական և պատմամշակութային արժեք են իրենցից ներկայացնում, և դրանց ուսումնասիրությանը նվիրված աշխատությունը ոչ միայն զուտ գիտական, այլև խիստ ազգանվեր գործ պետք է համարենք»,- նշեց  Սամվել Հարությունյանը:

 ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ իր ելույթում վերհիշեց Համշեն կատարած իրենց այցը: Նա փաստեց, որ իրականում անհնարին է Համշենին չսիրահարվել: Գրքին անդրադառնալով Մելքոնյանը նշեց, որ  Լուսինե Սահակյանի  աշխատությունում միախառնվել են  բանասերի, թուրքագետի և պատմաբանի որակները, ինչի արդյունքում ծնվել է նման հայագիտական արժեքավոր աշխատություն:

 Այնուհետև ելույթ ունեցան ազգագրագետ, բանահավաք Սերգեյ Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, Թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ովքեր իրենց հերթին արժեքավորեցին Լուսինե Սահակյանի աշխատանքը:

 Մենագրության հեղինակ Լուսինե Սահակյանը պատմեց աշխատանքի ընթացքում հանդպած դժվարությունների, դաշտային աշխատանքների, պատմական աղբյուրների սակավության մասին, այնուհետև ներկայացրեց գրքի հիմնական էությունը:

 «Նպատակներիցս մեկը եղել է հնարավորինս ի մի բերել  Համշենում եղած փաստերը: Ուսումնասիրելով նախորդ հեղինակներին հասկացա, որ մեզ դա կարող են հուշել ձեռագիր մատյանները: Իհարկե, այս ընթացքում շատ են եղել հարձակումներ թուրքական գիտական շրջանակների կողմից, որոնք միտված էին ապացուցելու, թե Համշենը հայկական ոչինչ չունի:»,- ասաց Լուսինե Սահակյանը:

 Հեղինակը նշեց, որ ուսումնասիրության մեջ առաջին անգամ համեմատական քննության են ենթարկվել նաև Ստամբուլի Վարչապետական գլխավոր արխիվում պահվող Համշենի՝ XVI-XVII դարերի օսմանյան աշխարհագիր մատյանները։

 Մենագրության մեջ առաջին անգամ ի մի են բերվել XV-XVII դդ. Համշենում ընդօրինակված քսան ձեռագիր մատյան, որոնք պահվում են Մաշտոցի անվան մատենադարանում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի հայոց պատրարքարանի ձեռագրատներում, Լոնդոնի Բրիտանական թանգարանի և Ֆիլադելֆիայի «Ազատ» գրադարաններում։ Գրքում տեղ են գտել գունավոր լուսապատճեններ՝ ձեռագերի համապատասխան էջերից և նկարներ՝ Համշենի բնաշխարհից։ Առաջին անգամ ներկայացվում է նաև Համշենի գավառի՝ XV-XVII դարերի մանրամասն քարտեզ, որը կազմվել է Սահակյանի տեղագրական ճշտումների հիման վրա։

 Միջոցառման վերջում Լուսինե Սահակյանը իր երախտիքի խոսքերը հղեց  բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրության ժամանակ ակտիվ աջակցել ու  օգնել են աշխատությունը հասցնելու վերջնական տեսքին:

 Շնորհանդեսի վերջում տեղի ունենավ բացառիկ համերգ: Հնչեցին Համշենի երգեր ու պարեր` արտերկրից ժամանած համշենցի հայտնի երգիչների և հայաստանցի արվետի գործիչների կատարմամբ։

 

 

 

 Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան