Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

Երևանի պետական համալսարանում մեկնարկում  է 2019/2020 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»  մագիստրոսական ծրագրում (տրվում է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան) ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցման համար հատկացվել է 3 տեղ:

Հիշեցնենք նաև՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն: Ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում (Սփյուռքահայ դիմորդները փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ կրթության և գիտության նախարարություն):

 ԵՊՀ-ում փաստաթղթերի ընդունելությունը  կսկսվի  2019 թ. մայիսի  22-ից (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, մագիստրատուրայի բաժին):

Ըստ Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2019/2020 ուս. տարվա ընդունելության կանոնակարգի մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է 2 փուլով.

1-ին փուլ՝ 22.05.2019 - 01.07.2019. Ընդունելության առաջին փուլում անվճար ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի տվյալ մասնագիտության վերջին երեք տարվա շրջանավարտները, ովքեր ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 և բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) կազմում է առնվազն 13: Դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով` մանդատային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Առաջին փուլի ընդունելության քննությունները կանցկացվեն ընթացիկ տարվա հուլիսի  3-ից 4-ը, իսկ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթն իրականացվելու է ընթացիկ տարվա հուլիսի 8-ին:

 Դիմորդների հավասար ՄՈԳ-ի առկայության դեպքում առաջնահերթության կարգով հաշվի են առնվում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները.

ա. գերազանցության դիպլոմի առկայությունը,

բ. ամփոփիչ ատեստավորման արդյունքները:

Ընդունելության առաջին փուլում վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բուհերի (առկա և հեռակա ուսուցման ձևերի) շրջանավարտները:

2-րդ փուլ՝ 10.07.2019 - 23.08.2019. Ընդունելության երկրորդ փուլում անվճար ուսուցման համակարգի ընդունելությունը կատարվում է միայն բանակից զորացրված (ԲԶ) դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում, որին կարող են մասնակցել ԵՊՀ տվյալ մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող, ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած և վերջին երեք տարվա ընթացքում զորացրված դիմորդները:

Ընդունելության երկրորդ փուլով մագիստրատուրայի վճարովի ուսուցման համակարգ ընդունվելու համար կարող են դիմել նաև առաջին փուլին մասնակցելու իրավունք ունեցող, սակայն դիմելու ժամկետը բաց թողած դիմորդները:

Երկրորդ փուլի ընդունելության քննությունները կանցկացվեն ընթացիկ տարվա օգոստոսի 27-ից  29-ը, իսկ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթն իրականացվելու է ընթացիկ տարվա օգոստոսի 30-ին:

Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդները պարտավոր են 15-օրյա ժամկետում վճարել ուսման վարձավճարը (1-ին փուլում ընդունվածները մինչև ընթացիկ տարվա հուլիսի 25-ը, 2-րդ փուլում ընդունվածները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ը), որից հետո կատարվում է նրանց հրամանագրումը` ըստ մասնագիտությունների և մագիստրոսական ծրագրերի:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ա) մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ, որում դիմորդը, ըստ նախապատվության, կարող է նշել առավելագույնը 2 մագիստրոսական ծրագիր: Նշված առաջին ծրագրի չբացվելու դեպքում դիմորդը մասնակցում է երկրորդ ծրագրի մրցույթին (մագիստրոսական ծրագիրը չի բացվում, եթե ուսանողների թիվը չի համապատասխանում «ԵՊՀ դասախոսական կազմի ուսումնական և ուսումնամեթոդական բեռնվածության հաշվարկի նորմերի՚ 1-ին կետի պահանջներին):

բ) բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակներն ու պատճենները,

գ) 4 հատ լուսանկար (3x4 չափի),

դ) զինվորական գրքույկի բնօրինակն ու պատճենը (առկայության դեպքում),

ե) անձնագրի պատճենը,

զ) ընդունելության ծառայությունների համար գանձվող 1000 դրամի վճարման անդորրագիրը:


Վերադառնալ