Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել
     
 

  Շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի աշխատակիցները, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, խմբագրական կազմի ներկայացուցիչները, ուսանողներ և այլ հյուրեր: 
 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ մենագրության խմբագիր, պ․գ․ թ․ , դոցենտ Վահրամ Պետրոսյանը։ Նա իր երախտիքի խոսքն հղեց  գրքի հեղինակ Սարգիս Գրիգորյանին՝ արդյունավետ համագործակցության և արժեքավոր աշխատանքի ստեղծման համար։ 
 Վահրամ Պետրոսյանը ընդգծեց, որ «Սիրիական հակամարտությունը 2011-2020 թթ․» գիրքը Սարգիս Գրիգորյանի երրորդ կարևորագույն մենագրությունն է, նշեց, որ տպագրվել են նաև համատեղ կատարված նաև մի շարք այլ աշխատանքներ:
 Գրքի  լույս տեսնելու կապակցությամբ շնորհավորական խոսք ասեց նաև ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը։ Նա ընդգծեց, որ մենագրության թեման հատկապես վերջին իրադարձությունների համատեքստում խիստ արդիական և կարևոր է։ 
 «Չափազանց արդիական թեմա է ընտրվել ուսումնասիրության համար, եթե տարիներ առաջ Մերձավոր Արևելքը մեզ շատ հեռու մի տարածաշրջան էր թվում, ապա այսօր մենք տեսնում ենք այդ տարածաշրջանի գործընթացների փոխկապակցվածությունն ու դրանց ազդեցությունը նաև Հայաստանի անվտանգության վրա»,- նշեց Լ․ Հովսեփյանը:
 Ելույթներով և շնորհավորական խոսքով հանդես եկան նաև  ՀՀԻ Ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ․գ․թ․ Սուրեն Մանուկյանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի դասախոս, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պ․գ․ թ․ Արման Նավասարդյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, պ․գ․թ․, դոցենտ, Մենուա Սողոմոնյանը, ՀՀ ԳԱԱ գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը և այլք։
 Շնորհանդեսի ժամանակ ելույթով հանդես եկավ Սարգիս Գրիգորյանը՝ նշելով, որ իր կողմից հեղինակած գրքի հրատարակումը համընկել է տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում բավականին բարդ ու ծանր ժամանակահատվածի հետ: 
 «Սիրիական կոնֆլիկտն արդեն մեկ տասնամյակից ավել է, ինչ մեր լրահոսի անբաժան մասն է կազմում և գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Սիրիական հակամարտությունը այն հակամարտությունն է, որը ստեղծեց տարածաշրջանում նոր իրողություններ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացներում» ,-նշեց հեղինակը։
 Նշենք, որ «Սիրիական հակամարտությունը 2011-2020 թթ․» գրքում հեղինակն ուսումնասիրել է 2011-2020 թթ․ իրադարձությունները Սիրիայում։ Այստեղ նկարագրված է հակամարտության սկզբնավորումը, իսլամական ծայրահեղական կառույցների ակտիվ ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը, քրդական գործոնի ակտիվացման գործընթացը, ինչպես նաև այն վտանգը, որը սպառնում է Սիրիայի էթնիկ-դավանական փոքրամասնություններին, այդ թվում նաև հայերին: Գրքում հեղինակն անդրադարձ է կատարել նաև կոնֆլիկտի հանգուցալուծմանն ուղղված գործընթացներին և դրանց առանձնահատկություններին: 
 Միջոցառման ավարտին մենագրության հեղինակ Սարգիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին, ընկերներին և ուսանողներին  շնորհանդեսին ներկա գտնվելու համար և  նշեց, որ գիրքը նվիրում է Ղարաբաղյան պատերազմում զոհված մեր հերոս զինվորների հիշատակին։
 Հավելենք նաև, որ գիրքը նախատեսված է արաբագետների, միջազգայնագետների, քաղաքագետների և ընթերցողների լայն շրջանակի համար։
 
 
Նյութի հեղինակ՝ Ելենա Զոհրաբյան 

Վերադառնալ