Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

«Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» միջազգային 2-րդ համաժողովի շրջանակում հայագիտական այլ թեմաներին` պատմությանը, հնագիտությանը և ազգագրությանը, Հայոց ցեղասպանությանը, արվեստին և ճարտարապետությանը զուգահեռ զեկուցումների շարք կար նաև հայ ինքնության հիմնախնդիրների վերաբերյալ: Աշխարհում ընթացող գլոբալ գործընթացների համատեքստում ազգերի համար խնդիր է ինքնության պահպանումը: Զեկուցողներ Հայաստանից և Սփյուռքից փորձում էին բացահայտել, թե որոնք են հայ ինքնության բաղադրիչները, ինչպես պետք է Հայաստանում և օտար երկրներում հայը կարղանա պահպանել իր ազգային դիմագիծը: Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևանի հայկական համայնքի» ներկայացուցիչ  Լևոն Բատիևը իր՝ «Ռուսաստանի հարավի հայերը. համայնքի ձևավորման և էթնոազգային ինքնության առանձնահատկությունները» թեմայով զեկույցում նշեց, որ ազգի ինքնության պահպանման կարևոր գործոններից մեկը միասնական կեցությունն է: «Այդ է պատճառը, որ, օրինակ, բավականին երկար ժամանակ ապրելով հայրենիքից դուրս, Դոնի հայերը կարողացել են պահպանել իրենց էթնիկ դիմագիծը»,- նշեց Լևոն Բատիևը: Զեկուցողներից յուրաքանչյուրն ազգային ինքնության պահպանման խնդրի վերաբերյալ իր մոտեցումն էր ներկայացնում: Քննարկումների ընթացքում մասնակիցներն արտահայտեցին այն կարծիքը, որ կախված այն փաստից, թե որ երկրի հայ համայնքի մասին  ենք խոսում, ինքնության պահպանման միջոցները՝ լեզու, մշակույթ, ընտանիք, ազգային ուտեստ և այլն, կարող են տարբեր լինել: Այսպես, օրինակ, եթե Լիբանանի հայ համայնքի համար լեզվի պահպանումը խնդիր չէ, ապա, ըստ  Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների զեկուցումների, հայոց լեզվի պահպանումը խնդիր  է Ռուսաստանի հայ համայնքի այն ներկայացուցիչների համար, ովքեր ավելի վաղ են հաստատվել ՌԴ-ում: Քննարկվեց նաև ինքնության հարցը իմաստաբանական և մշակութաբանական, քաղաքացիական, հոգեբանակ և այլ տեսանկյուններից: Գիտաժողովի բոլոր զեկուցումների ընդհանուր դրույթները լույս են տեսել ընդհանուր ժողովածուով:

 

Տե´ս «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» միջազգային 2-րդ համաժողովի զեկուցումների դրույթների ժողովածուն


Վերադառնալ