Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 Դոնի Ռոստովում ապրիլի 20-25-ը տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Այս տարի միջոցառումները կազմակերպել և ծրագիրը իրականացրել են Դոնի Ռոստովի «Նոր նախիջևանի հայկական համայնքը» և Երևանի պետական համալսարանը:

ԵՊՀ-ի պատվիրակությունը մասնակցել է Օջախ կինոակումբի աշխատանքներին: ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը դասախոսություն կարդաց «Հայոց ցեղասպանության խնդրի արտացոլումը համացանցում» խորագրով, իսկ ՀՀԻ Հայ-օսմանական առնչությունների բաժնի վարիչ Լուսինե Սահակյանը հանդես եկավ «Իսլամացման-թուրքացման քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում և հանրապետական Թուրքիայում» դասախոսությամբ: Բացի այդ կինոակումբում տեղի է ունեցել  «Իմ տունն այստեղ է…»  ֆիլմի ցուցադրությունը: 
Ապրիլի 21-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հարավային ռուսական կենտրոնի ուսանողները մասնակցել են Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություններին, որտեղ միջացառումների շրջանակներում տեղի է ունեցել ԵՊՀ ՀՀԻ կողմից մշակված Հայոց պատմության հիմնահարցեր հեռաուսուցման ծրագրի շնորհադեսը: 
Նույն օրը երեկոյան  տեղի է ունեցել «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմի ցուցադրությունը Տագանրոգի Նաիրի ազգային մշակութային ինքնավարությունում: 
Ապրիլի 23-ին միջոցառումները շարունակվել են նաև Դոնի Ռոստովի Ռուս-հայկական բարեկամության թանգարանի այցելությամբ և Հայազգ հանրագիտարանի խմբագրության հետ  պատվիրակության հանդիպումով:
Ընտանեկան կինոյի «Վերև» փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Արարատից Եվրոպա» ֆիլմի շնորհանդեսը, որի ցուցադրությունից հետո հանդիպում տեղի ունեցավ ռեժիսոր Արսեն Հակոբյանի հետ: Նույն օրը երեկոյան Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները շարունակվեցին ջահերով երթով Բոլշիե Սալի գյուղում: Բոլորը միավորված էին մեկ գաղափարի շուրջ՝ աղաղակող անարդարության փաստը: Դոնի Ռոստովի Նոր Նախիջևանի հայկական համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանը, Դարեհ թագավորի բառերը մեջբերելով. այն է՝ հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել՝ ընդգծեց, որ մենք պետք է միավորվենք, քանի որ մեր ուժն ու հաղթանակը միասնության մեջ է: 
Ապրիլի 21-ին Դոնի Ռոստովի Օրենսդիր ժողովի նիստի ժամանակ, պատգամավորների առջև ելույթ ունենալով, ժողովի նախագահ Վիկտոր Դերյաբկինը ընդգծեց, որ Ռուսաստանը դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունները և Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, նշելով, որ այդ ողբերգական տարիներին հայ ժողովուրդը կրեց անդառնալի կորուստ: 
Վիկտոր Դերյաբկինի առաջարկով պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին մեկ րոպե լռությամբ: Նիստին ներկա էր նաև Ռոստովի մարզպետը` Վասիլի Գոլուբևը: Հատկանշանական է, որ Հարություն Սուրմալյանի այս նախաձեռնությունը ստացել է պատգամավորների միաձայն աջակցություն այդքան բարձր պետական մակարդակի վրա: 
Ավանդաբար, օրը սկսվել է հոգեհանգստի արարողությամբ Դոնի Ռոստովի բոլոր հայկական եկեղեցիներում: Հիմնական միջոցառումները անցկացվել են Սուրբ Կարապետ եկեղեցում, որտեղ կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու եկել են նաև Դոնի հասարակական-քաղաքական հաղորդակցությունների կառավարման պետ Վլադիմիր Նեկրասովը, Դոնի Ռոստովի քաղաքապետ Միխայիլ Չերնիշևը, Ռուսաստանի՝ Ռոստովում Արտգործնախարարության ներկայացուցիչ Բորիս Գոկժաևը, ինչպես նաև Դոնի հասարակական կազմակերպությունների ղեկավարները:
Պատարագից հետո Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսը՝ Արարատ Գոմցյանը, նշեց, որ նման հանցագործությունները ժամկետ չունեն և կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և պատասխանատվության ենթարկել Թուրքիային: 
Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել խաչքարի մոտ: Ծաղկեպսակներ են դրվել  Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» համայնքի անունից, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և  Երևանի պետական համալսարանի պատվիրակության կողմից: 
 

Վերադառնալ