Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

 

   Օգոստոսի 25-ին Երեւանի պետական համալսարանի Պալեանների անուան դահլիճում մեկնարկեց ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ ԵՊՀ Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի՝ ՀՀ ԿԳՆ Գիտութեան պետական կոմիտէի համատեղ գործակցութեամբ կազմակերպած «Հայկական աշխարհը համացանցում» խորագիրը կրող գիտագործնական միջազգային գիտաժողովը:

 Միջազգային գիտաժողովը բաղկացած է երեք թեմատիկ ուղղութիւններից.

1.««Հայկական աշխարհը» համացանցի գիտակրթական հարթակում»: 

2.«Տեղեկատուական անվտանգութեան մարտահրաւէրները համացանցում»:
3.«Սփիւռքը համացանցային  հարթակում»:
 
 Գիտաժողովին ողջոյնի խօսքով հանդէս եկան ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Եուրի Սուվարեանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերութեան գործադիր տնօրէն Յովիկ Մուսայէլեանը:
 
 Բացման խօսքում Հրանոյշ Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչներին եւ բոլոր մասնակցներին, ովքեր պատրաստակամութիւն յայտնեցին մասնակցել գիտաժողովին, բարձրաձայնել ոլորտում առկայ խնդիրների, առաջընթացների, առաւելութիւնների եւ թերութիւնների մասին: Նախարարը շեշտեց յատկապէս համացանցի կարեւորութիւնը, վերջին տարիներին Հայաստանում արագ տեմպերով զարգացումը, որը Հայաստանի եւ հայկական սփիւռքի միջեւ կապող օղակ դարձաւ՝ օր-օրի ամրապնդելով կապը եւ բացելով համատեղ հայանպաստ աշխատանքներ իրակացնելու նոր ուղիներ:  

 «Ես ամէն առիթով իմ շնորհակալութիւնն եմ յայտնում համացանց ստեղծողին, ով այսքան հեշտացրեց ողջ ժողովրդի աշխատանքը: Այսօր մենք մէկ րոպէի ընթացքում, մէկ շարժումով ամբողջ աշխարհասփիւռ հայութեանը կարողանում ենք փոխանցել, տեղեկացնել անհրաժեշտ տեղեկատւութիւնը եւ նրանցից տեղեկութիւններ ստանալ, կարողանում ենք պայքարել տարիներ շարունակ ամբողջ աշխարհին մատուցած պատմութեան կեղծարարութիւններին, չէզոքացնել համացանի բացասական երեւոյթները: Յոյս ունեմ, որ  այս գիտաժողովը հնարաւորութիւն կը տայ մասնակիցների միջեւ ձեռնարկելու տարբեր տեսակի գործնական քայլեր՝ ի նպաստ մեր հայրենիքի»,- նշեց Հրանոյշ Յակոբեանը:

 ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանը, իր հերթին, բարձր գնահատեց համագործակցութիւնը՝ կարեւորելով արծարծուելիք խնդիրների շուրջ համատեղ խօսելը, քննարկելը եւ լուծման արդիւնաւէտ ուղիները գտնելը: «Ուզում եմ փաստել մի հանգամանք, որ ԵՊՀ-ն յատկապէս վերջին տարիներին զգալի աշխատանքներ է տարել այս ուղղութեամբ՝ համագործակցելով տարբեր պետական կառոյցների, ինստիտուտների հետ: Մեր նպատակը մեր էթնոսի պահպանութեան խնդիրն է, որը մեր հարեւան երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանը, փորձում են պետական քաղաքականութեան միջոցով աղաւաղել, ոչնչացնել մեր պատմական արժեքները: Մենք պետք է մտածենք ոչ միայն մեր այսօրուայ խնդիրների, այլեւ մեր ֆիզիկական գոյութիւնը պահպանելու շուրջ: Իսկ այդ խնդիրը մենք  նաեւ պետք է լուծենք՝ համացանցային հարթակում նորանոր գիտական եւ գործնական քայլեր ձեռնարկելով»:

 Իր ելոյթում Եուրի Սուվարեանն անդրադարձաւ համացանցային գիտական նիւթերի ներկայացուածութեան խնդրին: Ներկայացրեց ակադեմիայի համացանցային տիրոյթը, խօսեց հայագիտական նիւթերի թուայնացման մասին, ներկայացրեց «Հայագիտութիւն» հիմնարար հանդէսը:

 Բացման խօսքով հանդէս եկաւ նաեւ «Սինոփսիս Արմենիա» ընկերութեան գործադիր տնօրէն Յովիկ Մուսայէլեանը, ով եւս անրդրադարձաւ վիրտուալ տիրոյթում առկայ առաջնըթացներին, մարտահրաւէրներին, զարգացման նոր հեռանկարներին եւ ներկայացրեց ոլորտում առկայ մի շարք խնդիրներ: Նա յատկապէս կարեւորեց տեղեկատուական տեխնոլոգիաների դերը՝ յատկապէս երկրի անվտանգութեան պահպանման գործում:

 Բացման արարողութեանը յաջորդեց «Հայկական աշխարհը համացանցիգիտակրթական հարթակում» գիտաժողովի թեմատիկ նիստը: Զեկուցումներով հանդէս եկան ոլորտի տարբեր մասնագէտներ՝ Հայաստանից եւ Սփիւռքից:

 Թեմատիկ նիստին կը յաջորդեն քննարկումներ, ներկաները հանդէս կը գան համագործակցութեան տարբեր առաջարկութիւններով:

 Յաւելենք, որ գիտաժողովն իր աշխատանքը կը շարունակի Օգոստոսի 26–ին՝«Սփիւռքը համացանցային հարթակում» թեմատիկ նիստով:

Վերադառնալ