Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

    Սեպտեմբերի 24-ին «Նոյեան Տապան» լրատուական գործակալութեան մամուլի սրահում տեղի ունեցաւ ասուլիս՝ Հայաստանի եւ Սփիւռքի յայտնի հասարակական գործիչների մասնակցութեամբ։ Ասուլիսը կրում էր «Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25 տարիները. ձեռքբերումներ եւ չլուծուած խնդիրներ. Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները. երկրի ներկան եւ զարգացում տանող բարեփոխումները. ապագան եւ անվտանգութեան երաշխիքները» խորագիրը։

Բանախօսներն էին ամերիկահայ գրող, հասարակական ակտիւիստ, «Քալիֆորնիա Քուրիեր» (The California Courier) թերթի գլխաւոր խմբագիր եւ հրատարակիչ Յարութ Սասունեանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, պատմաբան, պրոֆեսոր, ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասեանը, արեւելագէտ-թուրքագէտ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը:

Բացմանը իր տեսակէտներն առաջինը ներկայացրեց Ռուբէն Սաֆրաստեանը, ըստ որի՝ 25 տարին դեռեւս մեծ ժամանակաշրջան չէ, բայց այն մեր ժողովրիդի համար եղել է շատ յագեցած: «Առաջինը, որ կ'ընդգծեմ, 25 տարների ընթացքում ՀՀ-ն որպէս ինքնիշխան պետութիւն կայացման գործօնն է դժուար աշխարհաքաղաքական պայմաններում: Կայացանք որպէս մի պետութիւն, ով յստակ եւ հաստատակամօրէն օգնութեան ձեռք մեկնեց նաեւ Արցախի կայացման գործին: Նշեմ, որ այս 25 տարիների ընթացքում ունեցանք նաեւ դժուարին ու բարդ տարիներ, եղան խնդիրներ նաեւ ներքին կեանքի կայուն զարգացման գործում, ինչ-որ բաներ բաց թողեցինք, որոշ բաներ յաջողուեց: Բայց ասել, թէ ամէն ինչ լաւ կամ վատ է եղել, սխալ կը լինի: Ակնկալիքներ դեռեւս շատ ունենք՝ յատկապէս անկախութեան սերնդից»:

Շահան Գանդահարյանը՝ որպէս սփիւռքը ներկայացնող գործիչ, խօսեց նախ երկար ժամանակ անկախութիւն չունենալու մասին: Նրա խօսքով՝ 25 տարուայ անկախութեան գործօնը հոգեբանական մեծ ազդեցութիւն է ունեցել եւ շարունակում է ունենալ նաեւ Սփիւռքի վրայ՝ ինքնութեան առումով դրսում գործելու, աշխատելու տեսանկիւնից: Անկախութիւնն ազդել է նաեւ պետական եւ քաղաքական գործունէութեան համատեղ ծաւալելու  գործում: «Սփիւռքում միշտ շեշտուած է եղել ձուլման վտանգը, եւ անկախութեան ձեռք բերումը, պահպանումը այն հզօր գործօնն էր, որ ապահովեց կապը հայրենիք-Սփիւռք յետագայ հզօրացման գործում: Անկախութիւնը դարձաւ հզօր պատնեշ սփիւռքահայերի համար, ինչպէս նաեւ նպաստեց նրան, որ մենք կարողանանք մեր պետականութեան թիկունքը ճգնաժամային պայմաններում աւելի ամուր պահելու», - նշել է Շ. Գանդահարեանը:

Էդիկ Մինասեանը, իր հերթին, խօսեց քառորդ դար ունեցած ձեռքբերումների մասին. «Այս անկախութիւնը մենք ձեռք բերեցինք իրապէս դժուարին պայմաններում: 1990-ական թուականներից կար մեր պետականութեան պահպանման, գոյատեւման, անկախ գործելու խնդիրը: Երկիրը գտնւում էր շրջափակման մէջ, անցել էինք աւերիչ երկրաշարժի միջով: Այս բոլոր դժուարութիւններից յետոյ 1990 թ. անկախութեան հռչակագիրը մեր պետականութիւնը ինքնուրոյն կերտելու, զարգացնելու հիմք դրեց»: Մինասեանը խօսեց նաեւ ձեռքբերումների մասին՝ ընդգծելով, առաջին հերթին, ինքնուրոյն պետական կառավարման համակարգի առկայութիւնը՝ իր թերութիւններով հանդերձ: Յաջորդ ամենամեծ նուաճումը հերոսական պայքարի շնորհիւ Արցախի ազատագրումն էր: Մինասեանը կարեւորեց յատկապէս 3-րդ հանրապետութեան  կայացմանը զուգահեռ ազգային բանակի ստեղծման գործօնը:

Յարութ Սասունեանն էլ որպէս սփիւռքի ներկայացուցիչ ներկայացրեց իր տեսակէտները, դիտարկումները: «Ես օբյեկտիւ կարող եմ ասել, որ ունեցել ենք ե´ւ ձեռքբերումներ, ե´ւ միաժամանակ կորուստներ: Երկու ձեռքբերում կը նշեմ. առաջինն Արցախի անկախացումն է, երկրորդն այն է, որ 25 տարի է, ինչ Հայաստանը եկկողմանի շրջափակման մէջ է, եւ, հակառակ այս շրջափակման, հայ ժողովուրդը կարողացաւ յաղթահարել, գոյատեւել այս խնդիրները եւ տնտեսական աճ գրանցել»: Սասունեանը խօսեց արտագաղթի վտանգների մասին, որը  մտահոգիչ թուաքանակի է արդէն հասել: Խօսեց նաեւ տնտեսական վատ պայմանների, Սփիւռքի ռեսուրսների ոչ ճիշտ եւ նպատակային օգտագործման մասին:

Ասուլիսի վերջում լրագրողները իրենց հարցերը ուղղեցին բանախօսներին: Տեղի ունեցաւ հարց ու պատասխան, ակտիւ քննարկում: 


Վերադառնալ