Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

     
     

 

  Հոկտեմբերի 19-ին Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտում տեղի ունեցաւ «Լրատուական դաշտը ԱՄԷ-ում» թեմայով բաց դասախօսութիւն: Բանախօսն ԱՄԷ-ում գործող «Այգ» առցանց ռադիոկայանի ղեկավար Շաքէ Մանկասարեանն էր: Դասախօսութիւնը ընդգրկում էր տպագիր եւ առցանց, հեռուստատեսութիւն եւ ռադիօ, լրատուական գործակալութիւնների գործունէութեան լուսաբանման թեմատիկաները:

 Շաքէ Մանկասարյանը ներկայացրեց Դուբայում, Աբու Դաբիում, Շարժայում գործող տպագիր մամուլի, լրատուական կայանների՝ անգլերէն եւ արաբերէն լեզուներով գործող լրատուամիջոցների  գործունէութիւնը: Խօսուեց ԱՄԷ-ում գործող լրատվամիջոցների էթիկայի կանոնագրքի՝ մասնաւորապէս արաբական երկրներում քննադատական լրագրութեան մասին, համեմատական վերլուծութիւն տարուեց հայակական մեդիա դաշտի հետ: Քննարկուեց առհասարակ Հայաստանի եւ հայկական թեմատիկայով նիւթերի ներկայացուածութեան խնդիրը ԱՄԷ-ում: Ցաւով նշեց, որ պետական կամ համայնքային մակարդակով ոչ մի ֆինանսական աջակցութիւն չի տրամադրւում, գործող կայքերը, բլոգները եւ կայաններն աշխատում են բացառապէս անհատների միջոցով: Նրա խօսքով հայկական նիւթերի ներկայացուածութիւնը եւս շատ քիչ է  Էմիրութիւններում: Անդրադարձ էլ եթէ լինում է, ապա ինչ-որ կրօնական միջոցառումների վերաբերեալ է, որն էլ տպագիր տարբերակով ներկայացւում է Հայկական եկեղեցու հովանաւորութեամբ:

 Այնուհետեւ ներկայացրեց Էմիրութիւններում գործող ռադիօ եւ հեռուստատեսային  կայանների աշխատանքային գործելաոճը եւ խնդիրները: Քննարկման առարկայ դարձաւ նաեւ ԱՄԷ-ում գործող հայկական համայնքի գործունէութիւնը, համայնքի խնդիրների  բարձրաձայնումը եւ լուսաբանումը հեռուստատեսութեամբ: Եւ այստեղ խօսեց համայնքի աւելի ներփակուած վիճակի մասին: Անդրադառնալով «Այգ»  առցանց ռադիոկայանին՝ բանախօսը շեշտեց, որ ունեն  ե՛ւ արեւելահայերէն, ե՛ւ արեւմտահայերէն քսանչորսժամեայ առցանց թողարկում, ունկնդիրներն աշխարհի տարբեր երկրներից են: Ռադիոկայանը նաեւ սերտ համակործակցում է Ամերիկայի, Աւստրալիայի հայկական համայնքների հետ, Հայաստանի հանրային ռադիոյի, «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան հետ:

 Ներկայացուեց այն հիմնական հեռուստաալիքները եւ, առհասարակ, արաբական տեղեկատուական հարթակները, որոնք ակտիւօրէն լուսաբանում, արտացոլում են երկրում առկայ խնդիրներն արագընթաց փոփոխութիւնների ֆոնին: Նրա խօսքով՝ արբանյակային հեռարձակումը լսարանին ապահովում է ընտրութեան լայն հնարավորութիւն, եւ այստեղ ռադիօն, բնականաբար, զիջում է իր դիրքերը՝ չկորցնելով իր հաւատարիմ ունկնդիրներին:  

 Հանդիպմանը ներկայ էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀԻ աշխատակիցները, ովքեր  դասախօսութեան ընթացքում ակտիւ հարց ու պատասխանի միջոցով քննարկում էին ոլորտի նմանութիւններն ու տարբերութիւնները, համեմատականներ անցկացնում տարբեր երկրների լրատուական դաշտերի միջեւ:

 Յաւելենք, որ ԵՊՀ ՀՀԻ-ն առաջիկայում նախատեսում է նմանատիպ բաց դասախօսութիւնների շարքին տալ պարբերական բնոյթ՝ նպատակ ունենալով ներկայացնել ո՛չ միայն Սփիւռքում գործող հայկական առցանց եւ տպագիր մամուլի, այլեւ տուեալ երկրում գործող մամուլի գործունէութիւնը, գործելաոճը եւ առանձնայատկութիւնները:


Վերադառնալ