Հայերը եղել են Ռուսաստանում 15-րդ դարից սկսած եւ մեծ դեր են կատարել Ռուսաստանի պատմութեան, ռազմական գործի, մշակոյթի, գիտութեան, տնտեսութեան զարգացման գործում:

Հոկտեմբերի 26-ին Մոսկուայի եկեղեցական համալիրի հանդիսութիւնների սրահում մեկնարկեց «Հայերի ներդրումը Ռուսաստանի մշակոյթի եւ պատմութեան մէջ 18-20-րդ դդ.» միջազգային գիտաժողովը: Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Տէր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսեանի ողջոյնի եւ օրհնանքի խօսքը ներկաներին փոխանցեց Տէր Գէորգ քահանայ Վարդանեանը: Ռուսաստանի Դաշնութիւնում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Օլեգ Եսայեանն իր խօսքում կարեւորեց նման գիտական միջոցառումների անցկացումը, քանի որ վաւերագրերի եւ փաստաթղթերի հիման վրայ պատմական փաստերին ճշգրիտ գնահատական են տրւում՝ զերծ մնալով պատմական աղճատումներից:

70-ից աւելի հայագետների ողջունեց նաեւ Մոսկուայի շրջանի գլխաւոր արխիւի ղեկավար Պիոտր Պետրովը՝ նշելով, որ թէեւ արխիւում հայերին վերաբերող մեծաքանակ փաստաթղթեր չկան, սակայն այն, ինչ կայ, արժէքաւոր տեղեկութիւններ են պարունակում Ռուսաստանի հայկական եկեղեցիների մասին. «Մենք ուրախ ենք ընդգծել, որ ունենք նման փաստաթղթեր եւ պատրաստ ենք տրամադրելու ու օգնելու»:

Անդրադառնալով Ռուսաստանում Հայոց թեմի հիմնադրման 300 ամեակին, ինչպէս նաեւ Իսրայէլ Օրու եւ Մինաս Վարդապետի գործունէութեանը՝ գիտաժողովի առաջին բանախօս տեխնիկական գիտութիւնների թեկնածու Վահրամ Կարապետեանը նշեց, որ այդ անձերի շնորհիւ են սերտացել հայ-ռուսական յարաբերութիւնները եւ դրուել Ռուսահայոց թեմի ստեղծման նախահիմքը: ՌԴ դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտէի անդամ ի.գ.դ. պրոֆեսոր Ռաֆայէլ Զինուրովը ներկաներին ողջունեց հայերէն, ինչը հաճելիօրէն զարմացրեց ամէնքին:

Բանախօսները անդրադարձ կատարեցին նաեւ Լազարեանների մշակութային ժառանգութեանը, Ռուսաստանի հայ եկեղեցիների եւ հոգեւոր առաջնորդների գործունէութեանը, Գարեգին Նժդեհի գործունէութեանն ու հոգեւոր ժառանգութեանը:

Հոկտեմբերի 27-ին գիտաժողովը շարունակուեց մարզային դումայի շէնքում: Մասնակիցների եւ հիւրերի համար համալիրի Տարօն թանգարանում բացուել էր արխիւային նիւթերի ցուցադրութիւն:

Միանշանակ է այն, որ մեր պարտքն է ճանաչել եւ օտարների համար էլ ճանաչելի դարձնել մեր պատմութեան ու մշակոյթի հարուստ ժառանգութիւնը՝ արժեւորելով մեր անցեալը, առաւել իմաստալից դարձնելով մեր ներկան եւ այդ փորձառութեամբ վստահ քայլելով դէպի վաղուայ օրը: