Այսօր Երեւանի պետական համալսարանի Հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտում տեղի ունեցաւ «Հայազգ» համացանցային հանրագիտարանի անգլերէն (en.hayazg.info) եւ հայերէն (am.hayazg.info) լեզուներով տարբերակի՝ նորացուած խմբագրակազմի հետ երկրորդ հանդիպում-քննարկումը: Հանդիպմանը ներկայ էր ծրագրի ղեկավար, ՀՀԻ փոխտնօրէն, պ.գ.թ. Մհեր Յովհաննիսեանը եւ ծրագրի պատասխանատու-խմբագիր Նինա Սեդրակեանը: Նշենք, որ կամաւորութեան սկզբունքով խմբագրակազմի մէջ են ներառուել ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրութեան ֆակուլտետի Միջմշակութային հաղորդակցութեան անգլերէնի ամբիոնի եւ Պատմութեան ֆակուլտետի Կովկասագիտութեան բաժնի մէկ տասնեակից աւելի ուսանողներ: 

 Տեխնիկական-մասնագիտական քննարկումից զատ, հեռավար կարգով կապ հաստատուեց պատմաբան, «Հայազգ» համացանցային հանրագիտարանի հիմնադիր ղեկավար, «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» կազմակերպութեան գործադիր տնօրէն Սերգէյ Սայադովի հետ: Քննարկուեցին «Հայազգ» համացանցային հանրագիտարանի զարգացման տեսլականի, առկայ խնդիրների շուրջ կարեւոր հարցեր:
Նշենք, որ այս տարի լրանում է հանրագիտարանի ստեղծման 10 ամեակը, որի առաջին հարթակը ռուսալեզու էր (ru.hayazg.info): Վարջին երեք տարիների ընթացքում ՀՀԻ շրջանակներում ստեղծուել եւ պարբերաբար համալրւում է հայերէն տարբերակը, որում արդէն  յօդուածների թիւը գերազանցում է 3500-ը: «Հայազգ» համացանցային հանրագիտարանում նիւթերի խմբագրումը փակ է եւ հասանելի է միայն խմբագրական կազմին: 
2017 թուականի Մարտի սկզբից գործարկուել է հանրագիտարանի անգլերէն լեզուով տարբերակը, իսկ 2016 թուականի տարեվերջից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի եւ Ռուսաստանում «Հայազգ»-ի կենտրոնական գրասենեակի համագործակցութեամբ ստեղծուել է հանրագիտարանի ֆրանսերէն (fr.hayazg.info) տարբերակը:
 Յատկանշական է, որ այս հանրագիտարանի զարգացումը նպատակ ունի ոչ միայն համացանցում ներկայանալի դարձնել հայ ժողովրդի եւ Հայաստանի շուրջ առկայ գիտական, ճանաչողական տեղեկատւութիւնը, այլ նաեւ այն գիտապրակտիկ ճկուն հարթակ է մասնագիտական հմտութիւնները զարգացնել ցանկացող ուսանողների համար: