Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

 

 Ս.թ. Ապրիլի 13-ին եւ 14-ին Երեւանի պետական համալսարանի  գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցաւ «Հայոց պատմութեան նոր պարբերացման խնդիրները» թեմայով փակ գիտաժողով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանի նախագահութեամբ:

 Գիտաժողովը կազմակերպուել էր «Հայաստանի պատմագէետների միութիւն» հասարակական կազմակերպութեան կողմից՝ ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի, միջազգային յարաբերութիւնների եւ պատմութեան ֆակուլտետների, ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի, Հայաստանի պետական մանկավարժական, Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանների, ՀՀ ազգային արխիւի, Վանաձորի եւ Արցախի պետական համալսարանների հետ գործակցութեամբ եւ ՀՀ ԿԳՆ գիտութեան պետական կոմիտէի աջակցութեամբ:

 Գիտաժողովի նպատակն էր վերանայել հայոց պատմութեան դասական պարբերացումն ու նոր ձևաչափեր մշակել հայոց պատմութիւնը համաշխարհային պատմութեան համատեքստին յարմարեցնելու համար: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնեանի հաւաստմամբ՝ պատմագիտութեան այն հարցերը, որոնք պահանջում են նոր մօտեցումներ եւ հակասական ներուժ են կրում, պէտք է քննարկուեն նման կլոր սեղանների, գիտաժողովների միջոցով եւ ստանան որոշակի պատասխաններ յետագայ գործընթացները կազմակերպելու համար. «Խօսելով համամարդկային գործընթացների մասին, լինելով այդ ամէնի մի մասնիկը եւ ենթարկուելով ընդհանուր պարբերացման կանոններին, այնուամենայնիւ մեր պատմութիւնն ունի իր առանձնայատկութիւնները, որոնց մասին այսօր կարիք կայ խօսելու»:

 ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն պ.գ.դ. պրոֆեսոր Աշոտ Մելքոնեանը իր ողջոյնի խօսքում շեշտեց անկախ Հայաստանի պայմաններում Հայաստանի պատմագէտների միութեան ստեղծման եւ գործնական հողի հայոց պատմութեան պարբերացման հարցի քննարկման կարեւորութիւնը: Իսկ Հնագիտութեան ինստիտուտի տնօրէն պ.գ.դ. Պաւէլ Աւետիսեանը յաւելեց, որ եթէ համեմատենք համաշխարհային պատմութեան պարբերացման ընկալումներն ու մօտեցումները եւ 1992 թուականին հայ պատմաբանների առաջադրած պարբերացման նոր չափանիշները, այսօր դրանց դրուագային դրսեւորումները, ապա յստակ կ'ընդգծուի, թէ ինչ հակասութիւններ կան նախկին եւ ներկայիս համընդհանուր հնչողութիւն ստացած համաշխարհային պատմութեան ելակէտային չափանիշների, հիմնական հասկացութիւնների եւ հայոց պատմութեան պարբերացման համար որպէս հիմք ծառայող չափանիշների եւ երեւոյթների միջեւ:

 Երկօրեայ գիտաժողովի ընթացքում ներկայացուեց 10 զեկուցում: Այդ թւում զեկոյցներ ներկայացրին նաեւ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն պ.գ.դ. պրոֆեսոր Ռ. Սաֆրաստեանը, Պատմութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Ա. Շահնազարեանը, ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան պ.գ.դ. պրոֆեսոր Է. Մինասեանը, Սփիւռքագիտութեան ամբիոնի վարիչ պ.գ.դ. Ա. Եղիազարեանը, պ.գ.դ. պրոֆեսոր Վ. Թունեանը, Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանի Համաշխարհային պատմութեան եւ արտասահմանեան տարածաշրջանագիտութեան ամբիոնի վարիչ, պ.գ.դ. պրոֆեսոր Ե. Մարգարեանը, Վանաձորի պետական համալսարանի պատմութեան ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Ֆ. Մովսիսեանը, ՀՀ ազգային արխիւի տնօրէն Ա. Վիրաբեանը:

 Քննարկուեցին հին, միջին եւ նոր ժամանակների պարբերացումները, ինչպէս նաեւ ամէն մի զեկուցող-պատմաբան առաջարկեց դրա շուրջ իր տեսութիւնը: Խօսուեց նաեւ հնագիտական ու քաղաքակրթական պարբերացումների մասին, համեմատութիւններ կատարուեցին արեւմտեան ու արեւելեան աշխարհների պարբերացման մեթոդների միջեւ եւ նշուեց, որ, այնուամենայնիւ, բոլոր ազգերի պատմութիւնները չեն կարող դիտարկուել եւրոպական պարբերացման մոդելով՝ հաշուի առնելով այն, որ ասիական քաղաքակրթութիւններն աւելի վաղ ծագում ունեն: Առանձին զեկուցումով անդրադարձ կատարուեց նաեւ Հայկական սփիւռքի պատմութեան շրջափուլերին՝ կարեւորելով դրա ընդգրկումը Հայաստանի պատմութեան համատեքստ:

 Գիտաժողովի աւարտին տեղի ունեցաւ քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարաւորութիւն ստացան հարց ու պատասխանի միջոցով պարզաբանել մտահոգող հարցերը:


Վերադառնալ