Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորութիւններ
Տպել

2012թ-ի առաջին հոբելյանական գիտաժողովը ԵՊՀ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության շրջանակում

 
  
Հունվարի 25-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում կայացավ Հայաստանի Հանրապետության ազգային բանակի 20-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական գիտաժողով: Նախքան զեկույցները ներկայացնելը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Շնորհավորելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զինված ուժերի յուրաքանչյուր  աշխատակցի՝ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց. 
  <<Զինված ուժերն այն գրավականն է, որն ապահովում է մեր ուղին դեպի ապագա: Մենք ունենք հզոր, ժողովրդական բանակ: Ժողովուրդն է, որ, չնայած շատ դժվարությունների, պետք է զորավիգ լինի իր զինված ուժերին: ԵՊՀ-ն առանձնահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի զինված ուժերի նկատմամբ և չափազանց կարևոր է համարում համագործակցությունը բանակի հետ>>:
  Նա նաև հույս հայտնեց, որ ապագայում ևս կշարունակվի կառուցողական համագործակցությունը ՀՀ զինված ուժերի և ԵՊՀ-ի միջև: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում ընդգծեց, որ այսօր բանակի դերի գնահատման գիտական հիմնավորման կարիք կա, և զինված ուժերի դերի ըմբռնման առումով նման գիտաժողովները 
կարևոր են:
  <<Բանակը հստակ կանոնակարգված գործողություններ իրականացնող կառույց է: Բանակաշինության ընթացքը շարունակվում է, և հաջորդ տարիների կայացումը էապես կախված է այն փաստից, թե ինչպես կգնահատենք անցած աշխատանքը>>,-ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
  Գիտաժողովի ընթացքում պարգևատրվեցին բոլոր այն դասախոսներն ու ուսանողները, ովքեր որոշակի ակտիվություն են ցուցաբերել բանակ-համալսարան կապի ամրապնդման գործում: Գիտաժողովի առաջին՝ <<Հայկական բանակը պատմության տարբեր շրջափուլերում>> խորագրով նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկան ԵՊՀ պատմական գիտությունների թեկնածուներ Հայկ Հակոբյանը, Հակոբ Հարությունյանը և Պետրոս Հովհաննիսյանը, ովքեր ներկայացրեցին հայկական բանակի գոյության և գործունեության վերաբերյալ տվյալներ Երվանդունիների, Արտաշես Առաջինի և Տիգրան Մեծի օրոք: ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանի զեկույցը վերաբերում էր Քրիստոսից առաջ 21-րդ դարի հայոց զինուժին:
  Գիտաժողովի երկրորդ՝ <<Հայաստանի Երրորդ Հանրապետության ազգային բանակը>> խորագրով նիստի ընթացքում <<Երրորդ հանրապետության ազգային բանակի կազմավորման փուլերը>> թեմայով զեկուցեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանը, որից հետո ԵՊՀ պատմական գիտությունների թեկնածու Ալիկ Ղարիբյանը ներկայացրեց պաշտպանության բանակի կազմավորման ուղին:
 Պաշտպանության նախարարության համակարգի կայացման ընթացքի, Հայոց բանակի ռազմարվեստի պատմության մասին զեկույցներով հանդես եկան Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի գնդապետ,ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Աշոտ Մելքոնյանը և փոխգնդապետ Սուրեն Մարտիկյանը:
  Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ակնկալվում է ավելի ակտիվ համագործակցություն պետության համար կարևոր այս երկու՝ պաշտպանության և կրթության ոլորտների միջև: Միայն անցյալ տարի երկու խոշոր գիտաժողով է կայացել, որոնք են  <<Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության>> և  Մարտակերտում անցկացված <<Կրթությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության համատեքստում>> գիտաժողովները:

Վերադառնալ