Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Մեր մասին >> Կանոնադրություն

  ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

2013Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՆԻՍՏԻ ԹԻՎ 1/9 ՈՐՈՇՄԱՄԲ


ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ`  Ա.Հ. ՍԻՄՈՆՅԱՆ


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.Սույն կանոնադրությունը սահմանում է Երևանի պետական համալսարանի (այսուհետ` ԵՊՀ) հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (այսուհետ` Ինստիտուտ) գործունեության իրավական հիմքերը:

2.Ինստիտուտը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատաս­խան, ԵՊՀ գործող կանոնադրության և սույն կանոնադրության հիման վրա:

3.Ինստիտուտը մշակում և Ինստիտուտի գիտական խորհրդում ընդունում է իր կանոնադրությունը, որը հաստատվում է ԵՊՀ գիտական խորհրդում: Սույն կանոնադրության մեջ փոփոխությունները և լրացումները կատարվում են նույն կարգով:

4.Ինստիտուտը ստեղծվում, վերակազմակերպվում, կամ լուծարվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:

5.Ինստիտուտի պաշտոնական անվանումն է՝

հայերեն՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ

ռուսերեն՝ Институт арменоведческих исследований ЕГУ

անգլերեն՝ Institute for Armenian Studies of YSU

6.Ինստիտուտի գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1 :

7.Ինստիտուտը ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում է, որն իր կանոնադրությանը համապատասխան օժտված է իրավունքներով և կրում է պարտականություններ:

8.Ինստիտուտն ունի կնիք, սահմանված կարգով կարող է ունենալ նաև իր անվանմամբ դրոշմակնիք՝ (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով), պաշտոնաթուղթ (բլանկ), խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

9.Ինստիտուտը ԵՊՀ գիտակրթական գործունեություն իրականացնող ստորաբաժանում է, որն իրականացնում է հայագիտության ոլորտում գիտահետազոտական գործունեություն, ինչպես նաև մագիստրոսական և ասպիրանտական կրթություն:

10.Ինստիտուտն իր իրավասության սահմաններում իրավունք ունի ընդունելու որոշումներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ԵՊՀ կանոնադրությանը, ԵՊՀ ներքին իրավական ակտերին և Ինստիտուտի կանոնադրությանը:

11.Ինստիտուտը, ելնելով իր կողմից իրականացվող կրթական, գիտական, ուսումնաօժանդակ և տեխնիկական աշխատանքների բնույթից, ըստ սահմանված չափանիշների մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատվում է ռեկտորի կողմից:

12.Ինստիտուտի ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող հատկացումները, Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած բարեգործական հատկացումները, նվիրատվությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ: ԵՊՀ եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվով ԵՊՀ խորհրդի որոշմամբ Ինստիտուտին կարող են հատկացվել ֆինանսական միջոցներ, որոնք Ինստիտուտը տնօրինում է սահմանված կարգով:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

13.Ինստիտուտի կառավարումն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը, ԵՊՀ կանոնադրութ­յանը և Ինստիտուտի կանոնադրությանը համապատասխան, միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ:

14.Ինստիտուտի կառավարման մարմիններն են Ինստիտուտի գիտական խորհուրդը և տնօրենը, որոնք իրենց իրավասության սահմաններում ընդունում են ինքնուրույն որոշում­ներ, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ԵՊՀ կանոնադրությանը, ԵՊՀ ներքին իրավական ակտերին և Ինստիտուտի կանոնադրությանը:

15.Ինստիտուտի գիտական խորհուրդն իր իրավասության շրջանակներում քննարկում և լուծում է Ինստիտուտի գործունեությանն առնչվող հիմնական հարցերը:

16.Գիտական խորհուրդը կազմված է ի պաշտոնե, հրավիրյալ և ընտրովի անդամներից: Գիտական խորհրդի անդամները քսանյոթն են: Գիտական խորհրդի ի պաշտոնե և հրավիրյալ անդամների թիվը չի կարող գերազանցել գիտական խորհրդի կազմի 50 տոկոսը:

17.Գիտական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են տնօրենը՝ որպես նախագահ, տնօրենի տեղակալը, Ինստիտուտի լաբորատորիաների, կենտրոնների և բաժինների, ամբիոնի/ների ղեկավարները, արհբյուրոյի նախագահը, մեթոդական խորհրդի նախագահը և Ինստիտուտի ուսանողներից մեկ ներկայացուցիչ:

18.Գիտական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Ինստիտուտի գործունեության և մասնագիտությունների հետ կապված արտահամալսարանական ու արտաինստիտուտային մասնագետներ՝ գիտական խորհրդի կազմի մինչև 15 տոկոսի չափով:

19.Գիտական խորհրդի ընտրովի անդամների թեկնածությունները համամասնորեն առաջադրում են Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց թիվը հաշվարկվում է ըստ տվյալ ստորաբաժանման հաստիքների գումարային թվաքանակի: Գիտական խորհրդի ընտրովի անդամներ կարող են առաջադրվել բացառապես տվյալ ստորաբաժանման հիմնական աշխատողները:

20.Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի լիազորությունների ավարտից մեկ ամիս առաջ տնօրենը ռեկտորի հաստատմանն է ներկայացնում գիտական խորհրդի անդամների ցուցակը:

21.Գիտական խորհրդի քարտուղարին գիտական խորհրդի անդամներից տնօրենի ներկայացմամբ նշանակում է ռեկտորը:

22.Ինստիտուտի գիտական խորհուրդը՝

1)ընդունում է Ինստիտուտի զարգացման ծրագիրը,

2)քննարկում է Ինստիտուտի լաբորատորիաների, կենտրոնների, բաժինների և ամբիոնների գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքների մասին հաշվետվություն­ները,

3)քննարկում է Ինստիտուտի կիսամյակային և տարեկան քննաշրջանների արդյունքները,

4)իր կազմից ձևավորում է մշտական և/կամ ժամանակավոր հանձնաժողովներ,

5)հաստատում է տնօրենի կողմից ներկայացված Ինստիտուտի գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը,

6)Ինստիտուտի գիտական խորհրդի մրցութային հանձնաժողովը սահմանված կարգով իրավասու է կազմակերպելու և իրականացնելու Ինստիտուտի գիտաշխատողների աշխա­տան­քի ընդունման համար անհրաժեշտ մրցութային գործընթացը,

7)սահմանված կարգով իրականացնում է Ինստիտուտի գիտաշխատողների համակազմի ընտրությունը՝ հիմք ընդունելով մրցութային հանձնաժողովի ներկայացրած թեկնածուներին,

8)սահմանված կարգով քննարկում է հայցվող գիտական կոչումը ստանալու  երաշխավորութ­յան հարցը,

9)հաստատում է ասպիրանտների անհատական պլանները, ինչպես նաև ասպիրանտների ու հայցորդների տարեկան ատեստացիայի արդյունքները,

10)լսում է Ինստիտուտում կատարվող գիտական թեմաների վերաբերյալ հաշվետվություն­ները, դրամաշնորհների, գիտակրթական գործուղումների վերաբերյալ հաղորդումները,

11)քննարկում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ընդունված որոշումների դեմ բերված բողոքները,

12)լուծում է Ինստիտուտի կրթական, գիտական աշխատանքի, արտահամալսարանական և միջազգային գործունեության այլ հարցերը,

13)առաջարկություններ է ներկայացնում պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ տալու, ԵՊՀ շքանշանով և մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածությունների վերաբերյալ, ինչպես նաև լուծում է Ինստիտուտի կանոնադրությունից և ԵՊՀ իրավական այլ ակտերից բխող այլ հարցեր:

23.Ինստիտուտի գիտական խորհրդի նիստերը հրավիրում է տնօրենը՝ ըստ անհրաժեշտութ­յան, բայց ոչ պակաս, քան ութ անգամ մեկ ուսումնական տարում:

24.Գիտական խորհրդի նիստերն իրավազոր են նրա անդամների երկու երրորդի ներկայության դեպքում: Գիտական խորհրդի անդամների ներկայությունը գրանցում է գիտական քարտուղարը` նիստն սկսելուց առաջ: Քվորումը չապահովելու դեպքում գիտական խորհրդի նախագահի որոշմամբ գրանցման գործընթացը կարող է երկարաձգվել մինչև 30 րոպե:

25.Ինստիտուտի գիտական խորհրդում որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդն այլ որոշում չի կայացրել: Գիտամանկավարժական պաշտոնների տեղակալման, ամբիոնների վարիչների ընտրության մրցույթների քվեարկությունը կատարվում է փակ, գաղտնի ընթացակարգով:

26.Գիտական խորհրդի նախագահի կողմից նիստի հրավիրման անհնարինության դեպքում գիտական խորհրդի նիստը հրավիրում է տնօրենի տեղակալը:

27.Գիտական խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակ­ցել համալսարանի ռեկտորը կամ պրոռեկտորը, ինչպես նաև հրավիրված այլ անձինք:

28.Գիտական խորհրդի որոշումները պարտադիր են Ինստիտուտի ստորաբաժանումների, աշխատողների և սովորողների համար:

29.Գիտական խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են նախագահը և քարտուղարը: Նիստի օրակարգը և ընդունված որոշումները հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա են հրապարակման ԵՊՀ պաշտոնական կայքում:

30.Ինստիտուտի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է տնօրենը՝ իր իրավասությունների սահմաններում և Ինստիտուտի կանոնադրությանը համապատասխան:

31.Տնօրենն ունի տեղակալ:

32.Տնօրենին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ԵՊՀ ռեկտորը:

33.Տնօրեն կարող է նշանակվել նա, ով ունի գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան:

34.Ինստիտուտի տնօրենը՝

1)կազմակերպում և վերահսկում է Ինստիտուտի գործունեությունը գիտական, կրթական, միջազգային և այլ ոլորտներում,

2)ապահովում է Ինստիտուտի գիտական խորհրդի որոշումների կատարումը,

3)ռեկտորի հաստատմանն է ներկայացնում Ինստիտուտի հաստիքակազմը,

4)նշանակում է տնօրենի տեղակալին,

5)ռեկտորի հաստատմանն է ներկայացնում Ինստիտուտի կառուցվածքում ամբիոններ, լաբորատորիաներ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմա­կերպելու և լուծարելու վերաբերյալ,

6)գլխավորում է Ինստիտուտի մրցութային հանձնաժողովը և Ինստիտուտի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում մրցութային հանձնաժողովի թեկնածուներին,

7)սահմանված կարգով համալսարանի ռեկտորին առաջարկություններ է ներկայացնում գիտաշխատողներին ստորաբաժանումից ստորաբաժանում փոխադրելու, համապատաս­խան արձակուրդ ձևակերպելու վերաբերյալ,

8)հաստատում է լաբորատորիաների, կենտրոնների և բաժինների գործունեության տարեկան ծրագրերը:

9)վերահսկում է ուսումնական գործընթացի հետ կապված գործառույթների իրականացումը,

10)տնօրինում է Ինստիտուտին հատկացված ֆինանսական միջոցները, այդ մասին հաղորդում է Ինստիտուտի գիտական խորհրդին ամենամյա հաշվետվություն ներկայացնելու ժամանակ,

11)լուծում է Ինստիտուտի կանոնադրությունից բխող և Ինստիտուտի գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության հետ կապված այլ հարցեր:

35.Տնօրենն արձակում է հրամաններ, տալիս է հրահանգներ, որոնք պարտադիր են Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների, աշխատողների և սովորողների համար:

36.Ինստիտուտի գործունեության ընթացիկ հարցերի լուծման համար Ինստիտուտում գործում է խորհրդակցական մարմին՝ տնօրինություն, որի կազմի մեջ մտնում են տնօրենը, նրա տեղակալը, ստորաբաժանումների վարիչները, գիտական խորհրդի քարտուղարը, մեթոդական խորհրդի նախագահը, արհբյուրոյի նախագահը և Ինստիտուտի ուսանողներից մեկ ներկայացուցիչ:

37.Տնօրինությունը հարցերը քննարկում է տնօրենի առաջարկով:

38.Ինստիտուտի ուսումնամեթոդական և գիտահետազոտական հարցերի քննարկման համար Ինստիտուտում գործում է մեթոդական խորհուրդ:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

39.Ինստիտուտի հիմնական ստորաբաժանումներն են լաբորատորիաները, կենտրոնները և բաժինները: Ինստիտուտում կարող են գործել նաև ամբիոններ և գիտակրթական ու այլ ստորաբաժանումներ:

40.Լաբորատորիաները, կենտրոնները և բաժինները Ինստիտուտի գիտական գործընթացի կազմակերպման հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են, որոնց ստեղծման և գործունեության կարգը, ինչպես նաև իրավասությունը սահմանվում է Ինստիտուտի կանոնադրությամբ:

41.Լաբորատորիաների, կենտրոնների և բաժինների կազմում ընդգրկած են գիտաշխատող­ները, լաբորանտները:

42.Լաբորատորիաները, կենտրոնները և բաժինները մշակում են իրենց գործունեության տարեկան ծրագիրը և ներկայացնում տնօրենին հաստատման համար:

43.Լաբորատորիաների, կենտրոնների և բաժինների գործունեության հիմնական հարցերը քննարկվում են լաբորատորիաների, կենտրոնների և բաժինների համակազմի նիստերում: Լաբորատորիաների, կենտրոնների և բաժինների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել տնօրենը կամ տեղակալը, լաբորատորիաների, կենտրոնների և բաժինների գիտաշխատողները, ասպիրանտները, ուսումնաօժանդակ համակազմը և այլ աշխատողները: Լաբորատորիաների, կենտրոնների և բաժինների նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարեկան ութ անգամ: Լաբորատորիաների, կենտրոնների և բաժինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունները ստորագրվում են լաբորատորիաների, կենտրոնների և բաժինների ղեկավարի ու գործավարի կողմից:

44.Ինստիտուտի կանոնադրության հավելվածի տեսքով ներկայացվում են Ինստիտուտի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները:

 

Հավելված

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումները


1.Հայոց պետականության պատմության հիմնահարցերի հետազոտության բաժին

2.Բաբկեն Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա

3.Հայ-վրացական առնչությունների բաժին

4.Հայ-քրդական առնչությունների բաժին

5.Հայ-օսմանական առնչությունների բաժին

6.Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա

7.Վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժին

8.Ցեղասպանագիտության բաժին