Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել
 
 

  Դեկտեմբերի 21-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ)

2016 թ. գործունեությունն ամփոփող ասուլիս: Խոսելով ինստիտուտի 7-ամյա գործունեության մասին՝ ՀՀԻ փոխտնօրեն, պ.գ.թ. Մհեր Հովհաննիսյանը ներկայացրեց հայագիտության տարբեր ճյուղերում ինստիտուտի կողմից իրականացված գիտահետազոտական, հրատարակչական գործունեությունը, ինպես նաև ներկայացրեց ապագա ծրագրերը: «Մենք այս ժամանակահատվածում հասցրել ենք իրականացնել բավականին ծավալուն հետազոտական և գիտական աշխատանք՝ հատկապես կիրառական հայագիտության ուղղությամբ: Միայն 2016 թ. մենք պատիվ ունենք ներկայացնելու  թվով 9 պատրաստի հետազոտությունները և 4-ը, որոնք դեռևս տպագրման փուլում են գտնվում»,-նշեց նա:

 

 Մհեր Հովհաննիսյանն առանձնակի շեշտեց, որ գրքերի թեմատիկաները խիստ բազմազան են՝ սկսած պատմական, քաղաքաագիտական բնույթի հետազոտություններից, մինչև արդի թեմատիկաներով իրականացված հետազոտություններ: Նա ներկայացրեց Սփյուռքի հետ գործակցության արդյունքում Ռոստովի հայագիտական կենտրոնի հետ համատեղ տպագրված Սերգեյ Սայադովի եռահատոր արխիվային փաստաթղթերի վերահրատարակված ժողովածուները,  Գառնիկ Գյոզալիանի «Պատմութիւն Մերձավոր Արևելքի և Հայստանի» գրքի Ա հատորը, Վանիկ Վիրաբյանի «Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918-1921 թթ.» աշխատությունը, «Հայագիտության հարցեր»  հանդեսը, Հայ-օսմանական առնչություների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանի, Անի Սարգսյանի և Ալեքսանդր Սաֆարյանի  համահեղինակությամբ տպագրված «Օսմաներենի դասագիրքը», Հայոց ցեղապսանության ամբողջ ընթացքի վերաբերյալ քարտեզը: Մ. Հովհաննիսյանը խոսեց նաև «Ցեղասպանագիտություն» և «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրերի, «Հայոց պատմության հիմնահարցեր» և «Ցեղասպանագիտություն»  հեռաուսուցման ծրագրերի իրականացման մասին: 

 Հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, պ.գ.թ., արաբագետ Սարգիս Գրիգորյանը ներկայացրեց իր «Իսլամական պետություն. Ակունքներից մինչև խալիֆայության հռչակում»

մենագրությունը: 

 

 «Ինձ համար մեծ պատիվ է նման հեղինակների կողքին ունենալ նաև իմ աշխատությունը: Կարծում եմ, որ թեման, իրոք, բավական արդիական է: Մենք գիտենք, որ ամեն օր առերեսվում ենք ցավալի իրողությունների հետ՝ ահաբեկչություններ, սպանություններ, բռնի գործողություններ, որոնց  հետևում այսօրվա թերևս ամենավտանգավոր «Իսլամական պետություն» կոչվող ծայրահեղ արմատական կառույցն է: Պետք է նշեմ, որ Սիրիական հակամարտությունը մի շարք նոր զարգացումների և նոր իրողությունների առիթ դարձավ, որոնցից ամենագլխավորը իսլամական կառույցն է: Սա էր հիմնական դրդապատճառը, որը ինձ դրդեց զբաղվել այս կառույցով, հետազոտել նրա ակունքները, ուսումնասիրել նրա լիդերներին, ովքեր հիմք դրեցին այս կառույցին: Դրանց շարքում ուսումնասիրել եմ նաև այն միտումներն ու առանձնահատկությունները, որոնք այս կառույցը դարձրին այնպիսին, ինչպիսին որ կա այսօր»,- նշեց Ս. Գրիգորյանը:

 

 Ըստ Գրիգորյանի, կառույցը դարձել է գլոբալ մի իրողություն, որի մասին խոսում են բոլորը՝ հասնելով նրան, ինչին ձգտում էր: Հեղինակը նաև գրքում անդրադարձել և իր տեսլականն է ներկայացրել կառույցի դեմ արդյունավետ պայքարի ուղիներ գտնելու շուրջ: 

 Հայ-քրդական առնչությունների բաժնի

ղեկավար Վահրամ Պետրոսյանը խոեց Իրաքյան Քուրդիստան կատարած իր այցի մասին: Պետրոսյանը նշեց, որ ՀՀԻ-ի հիմնական ուղղություններից է նաև քաղաքագիտական հայագիտությունը, և բաժինը առաջիկայում նախատեսում  է հայ-քրդական առնչությունների վերաբերյալ նոր ժողովածու  տպագրել, որտեղ կդիտարկվեն քրդագիտության ամենատարբեր հարցեր: Բանախոսը ներկայացրեց նոյեմբեր ամսին Իրաքյան Քուրդիստան  կատարած այցի շրջանակներում իրականացրած հետազոտական աշխատանքները, խոսեց քրդական տարբեր կուսակցական ցանցերի հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և առաջիկայում համատեղ կատարվելիք աշխատանքերի շուրջ: 

 Հայ-օսմանական առնչություների բաժնի ղեկավար Լուսինե Սահակյանը ներկայացրեց իր ղեկավարած բաժնի աշխատանքները և ապագա ծրագրեը: «Շուրջ 3 տարի բաժինը աշխատանքներ էր տանում օսմաներենի  դասագիրք պատրաստելու ուղղությամբ, և, ասածս թող չափազանցություն չթվա, բայց 100 տարի հետո հայ իրականության մեջ նոր այսպիսի դասագիրք է ծնվում: Գիրքը լինելու է եզակի, քանի որ ընդգրկում է քերականության կարևոր բաժիներ՝ բաղկացած 32 դասից, օսմաներեն-հայերեն ուսումնական բառարան, և օսմանյան տեքստերի հավելված: Դասագիրքը հնարավորություն կտա օսմաներենի գիտելիքների սկզբնական մակարդակ ապահովել, որն էլ խթան կհանդիսանա օսմանագետ, ձեռագրագետ պատրաստելուն»,- նշեց նա: 

 

 Սահակյանը կարևորեց հատկապես իսլամացված համշենցիների բնակավայրերում՝ Ռիզեի, Արդվինի, Էրզրումի նահանգներում, կատարված դաշտային հետազոտությունները և ավելացրեց, որ շուտով լույս կտեսնի մենագրություն համշենահայերի ձեռագրության վերաբերյալ: 

 Իրենց ապագա ծրագրերի և կատարվող ուսումնասիրությունների մասին խոսեցին նաև Հայ-վրացական հարաբերությունների բաժնի ղեկավար Հրաչիկ Բայրամյանը և Հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի բաժնի

ղեկավար Հայկ Ավետիսյանը: Վերջինս ներկայացրեց լաբորատորայի  կողմից Կոտայքի և Արագածոտնի մարզերում խաչքարային  մշակույթին  վերաբերող աշխատությունը: Խոսեց նաև Արևմտյան Հայաստանում իրականացված և նախատեսվելիք գիտական ու պրակտիկ հետազոտությունների և պեղումների մասին:

 

 Վերջում լրագրողները ներկաներին ուղղեցին իրենց հուզող հարցերը, ծավալվեց ակտիվ քննարկում: 

 


Վերադառնալ