Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

  Երևանի  պետական համալսարանի «Երևանի համալսարան» թերթը այս տարի նշում է իր հոբելյանական 95 ամյակը: ԵՊՀ գիտխորհրդի  նիստերի դահլիճում ս.թ. դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ հոբելյանական միջոցառում՝ նվիրված թերթի գործունեությանը և անցած ուղու ներկայացմանը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը: «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս «Երևանի համալսարան» թերթի 95 ամյակի կապակցությամբ: Ուզում եմ նշել, որ 1920 թվականի հունվարի 31-ին թերթի առաջին համարը լույս տեսավ հենց համալսարանի բացման օրը, և այդ օրվանից այն արտացոլում է բուհի գիտակրթական կյանքը: Այն դարձավ ուսանողական կյանքի մի մասնիկը՝ իր հին և յուրահատուկ ոճով: «Երևանի համալսարան» թերթը եղել է և կմնա գիտխորհրդի պաշտոնական օրգանը, համալսարանի կառավարման համակարգի  մի մասնիկը: Այսօրվա թերթը համալսարանականինն է: Շնորհավորում եմ բոլոր նախկին և ներկա աշխատակիցներին, թղթակիցներին և  այս տարիների թերթի բոլոր խմբագիրներին: Ձեր ջանքերի և մեծ եռանդի շնորհիվ  պահեցինք և ունենք  այսօրվա թերթը, որը իր մեջ ամփոփում է մի ողջ համակարգի մտավորականության գիտական կյանքի արտացոլանքը»,-նշեց Ա. Սիմոնյանը:

 Իր խմբագրական գործունեության մասին խոսեց «Երևանի համալսարան» թերթի նախկին խմբագիր Վլադիրմիր Մաղալյանը, ով իր գնահատանքի և շնորհավորանքի խոսքը հղեց բոլոր նրանց, ովքեր ինչ-որ ժամանակ, ինչ-որ կերպ ու մինչև այժմ օգնում են թերթի լույս տեսնելուն ուղղված աշխատանքներին: «Շնորհավորելով 95 ամյակի կապակցությամբ՝ ուզում եմ փաստել այն, որ այսօր թերթը տեղեկություն տալուց բացի ունի մշակութային արժեք: Տարիներ անց է  միայն գնահատվում և արժևորվում թերթը: Այս թերթը մեր համալսարանի պատմության տարեգրությունն է: Մի ողջ կյանք նվիրել եմ ԵՊՀ թերթին: 90-ականներին, երբ երկիրը գտնվում էր քաոսային իրավիճակում, բոլորիս համար ծանր էր պահել թերթը: Սակայն ողջ աշխատակազմով ջանք  ու եռանդ չխնայեցինք՝ պահելու այն: Ուրախ եմ, որ թերթը շարունակեց իր  գործունեությունը, և հույս ունեմ, որ դեռևս  բազում տարիներ այն իր ուրույն տեղը կունենա համալսարանականների կյանքում»,-նշեց Վ. Մաղալյանը: Նա նաև վերհիշեց և ներկայացրեց անցած դժվարին՝ ուղին առաջին քայլերից սկսած:

 ՀՀ կրթության և գիտության նախարարության  հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը նախարար Արմեն Աշոտյանի անունից շնորհավորեց թերթի և ողջ համալսարանի աշխատակիցներին հոբելյանական օրվա կապակցությամբ և թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Մելիքբեկյանին պարգևատրեց ԿԳՆ ոսկե հուշամեդալով: Արամ Սիմոնյանն էլ իր հերթին շնորհակալագրեր հանձնեց գլխավոր խմբագիր Գեղամ Մելիքբեկյանին, ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության լրատվական բաժնի վարիչ, «Երևանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար Լիլիթ Ազատյանին, թերթի լրագրողներ Վարդուհի Զաքարյանին, Ծովինար Կարապետյանին, Հովհաննես Վարդանյանին, լուսանկարիչ Տալիթա Բաղդասարյանին, թերթի համակարգչային ձևավորող Կարինե Չալաբյանին: ԵՊՀ ուսանողների, շրջնավարտների և հասարակայնության հետ կապերի  գծով պրոռեկտոր Ռուբեն Մելքոնյանը ներկայացրեց պարբերականի լույս տեսնելու գործառույթին վերոբերող մի շարք նրբություններ, այնուհետև շնորհավորեց առաջին օրվանից մինչ այժմ  թերթի ներկա և նախկին բոլոր աշխատողներին: «Ինձ համար մեր թերթը կարևոր գործառույթ է իրականացնում, որտեղ ներկայացվում են ներհամալսրանական մի շարք խնդիրներ, ներկայացվում տարբեր միջոցառումներ: Սա յուրօրինակ հարթակ է, որը  նպաստում է  մեր ուսանողների ինքնաարտահայտմանը»,- նշեց  Ռ. Մարկոսյանը:

 Ելույթներ ունեցան ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ Խաչատուր Վարդանյանը, ովքեր երկարատև գործունեության համար իրենց շնորհավորական և երախտիքի խոսքը հղեցին ԵՊՀ ղեկավար կազմին և թերթի խմբագրակազմին: 


Վերադառնալ