Գիտաժողովներ Հեռաուսուցում Նորություններ Աշխատանքային շտեմարան Հղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Նորություններ
Տպել

 

     Ս. թ. ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ համահայագիտական նիստ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայությամբ: Բացման խոսքով հանդես եկավ Ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախագահ Յուրի Սուվարյանը, խոսեց բաժնի ծավալած գործունեության մասին՝ շեշտադրելով Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներն ու այդ ուղղությամբ հրատարակված գրականությունը, ինչպես նաև անդրադարձավ հայոց լեզվի դաշտում բարբառային հետազոտությունների ու արևմտահայերենի պահպանման շուրջ տարված ուսումնասիրություններին: Ապա խոսեց գիտական դաշտում առկա խնդիրների մասին՝ նշելով Հանրապետության հայագիտական տարբեր կենտրոնների միջհարաբերությունների թերությունների ու սփյուռքյան հիմնարկների հետ համագործակցության մասին, դիտարկելով Հայոց պատմության կարևորությունը համաշխարհային պատմության համապատկերում: Սուվարյանն իր ելույթն ավարտելուց հետո բեմ հրավիրեց Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին, ով բարձրաձայնեց մի շարք կարևոր աշխարհաքաղաքական թեմաներ՝ հիշեցնելով 1920-1930-ական թվականներին Թուրքիայում տեղի ունեցած քրդական ապստամբությունների մասին. «Հայոց ցեղասպանության փոխհատուցումը պետք է ավելի ակտիվորեն բարձրաձայնենք մեր ակադեմիական շրջանակներում, այլապես ապագայում կարողենք հայտնվել մեր Հանրապետությանը կից Քուրդիստանի առաջ»: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և այլոց հանդես գալուց հետո նիստի առաջին կեսն ավարտվեց: 

Նիստի երկրորդ մասը բաղկացած էր երեք գիտական զեկույցներից, որոնցից երկրորդը նվիրված էր ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գործունեությանը՝ հիմնադրումից (2008 թ.) մինչ այժմ:   Ինստիտուտի մասին զեկույցով հանդես եկավ Ակադեմիայի թղթակից անդամ, ԵՊՀ ռեկտոր և ՀՀԻ տնօրեն Արամ Սիմոնյանը՝ ներկայացնելով ինստիտուտի գործող 8 բաժինների առաքելությունը, համացանցային գործունեությունը, կրթական ծրագրերի ու Սփյուռք-Հայրենիք փոխհարաբերությունների ուղղությամբ ծավալված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձավ մոտ ապագայում բացվելիք 3 նոր բաժիններին գործունեությանը:

 

 


Վերադառնալ