ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը գնահատում է հայրենիքի սահմաններից դուրս հայանպաստ ու ազգանվեր գործունեություն ծավալող մանկավարժների աշխատանքը՝ իր աջակցությունը հայտնելով նրանց մասնագիտական կարողությունները, հմտությունները զարգացնելու գործում: Մեր օրերում հայագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացի անհրաժեշտությունը մեծանում է հատկապես այն համայնքներում, որոնց կրթական հաստատություններում կատարվում է հայագիտական առարկաների կրճատում կամ իսպառ դուրսհանում՝ պայմանավորված ուսուցիչների համապատասխան որակավորման բացակայությամբ և այլ  հանգամանքներով: Դասընթացը մի կարևոր քայլ է, որը կարող է որոշակիորեն կանխել այդպիսի խոչընդոտների առաջացումը և պայքարի որոշակի միջոց դառնալ՝ հայագիտությունը հայրենիքից դուրս տարածելու ու զարգացնելու:

 

Վերապատրաստման հերթական ծրագիրը կյանքի կոչվեց ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում: Շուրջ տասը ուսուցիչներ հունիս 5-16-ը հնարավորություն ստացան մասնակցելու «Հայոց լեզվի, գրականության և հայոց պատմության դասավանդման հիմնախնդիրներ» մասնագիտական որակավորման 72-ժամյա դասընթացին:

 

Վերապատրաստման դասընթացը Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի հետ համագործակցությամբ անցկացրին ԵՊՀ դասախոսները՝ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հովհաննիսյանը և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Մերի Հովհաննիսյանը: Կարևոր ենք համարում նշել, որ ծրագրի իրականացման հարցում մեծ աջակցություն ցուցաբերեց համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը: Մեզ հետ կազմակերպչական ողջ բեռը ստանձնեցին համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, «Դոնի հայերի երիտասարդների միության» (ԴՀԵՄ) նախագահ Գևորգ Գրիգորյանը, համայնքի ներկայացուցիչ Քրիստինե Պլուզյանը:

 

Վերապատրաստման դասընթացին մասնակից ուսուցիչները համալրեցին իրենց տեսական գիտելիքներըգործնական աշխատանքների միջոցով ձևավորեցին նաև մասնագիտական հմտություններ՝ հաղորդակից լինելով հայոց լեզվի, գրականության և հայոց պատմության ուսուցման ժամանակակից մեթոդներին, ուսուցման կազմակերպման ձևերին ու հնարներին: Այսինքն՝ վերապատրաստման դասընթացը երկկողմանի նպատակաուղղում ունի. մի  կողմից  մանկավարժների համար իրականացվում է տեսական գիտելիքների ընդլայնում, մյուս կողմից՝ ուսուցման գործնական հմտությունների ձեռքբերում:

 

Դասընթացի ավարտին ուսուցիչները ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից ստացան որակավորման վկայագրեր, ինչպես նաև գրքեր, որոնք նրանց կարող են օգտակար լինել ուսուցման գործընթացում:

 

Բացի վերապատրաստման դասընթացներից՝ կազմակերպվեցին նաև առանձին դասախոսություններ ԴՀԵՄ-ի անդամների համար: Հունիսի 7-ին «Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման նախադրյալները» թեմայով դասախոսություն կարդաց պատմաբան Մհեր Հովհաննիսյանը: Հայրենասիրական ոգով համակված բազմաթիվ երիտասարդներ համակ ուշադրությամբ լսեցին դասախոսությունը, որն ամփոփվեց նրանց կողմից հնչեցրած հետաքրքիր հարցադրումներին պատասխանելով:

 

Հունիսի 11-ին Մերի Հովհաննիսյանը դասախոսություն կարդաց «Հայ գրականություն. 5-րդ դարից մինչև մեր օրերը»՝ անդրադառնալով մասնավորապես այն գրողների ստեղծագործական կյանքին, որոնք իրենց գործունեությունը ծավալել են Դոնի Ռոստովում, Ռուսաստանի այլ քաղաքներում, հայրենիքի սահմաններից դուրս շարունակել են նպաստել իրենց երկրի ու ժողովրդի բարօրությանը: Հետաքրքիր հարցադրումներով երիտասարդները քննարկեցին գրականության դերը հայրենասիրական գաղափարների ձևավորման ու տարածման գործում:

 

Նմանօրինակ ծրագրերը կարևոր առաքելություն ունեն, քանի որ նպատակաուղղված են ՀՀ սահմաններից դուրս հայագիտական առարկաների դասավանդման գործընթացի ընդլայնմանն ու զարգացմանը: Ռուսաստանում հայագիտական առարկաների ուսուցման գործընթացն իրականացվում է բազմաթիվ խնդիրների հաղթահարմամբ, որոնց շարքում առաջնահերթ է նշված առարկաներին հատկացվող ժամաքանակի կրճատման հարցի լուծումը: ԵՊՀ-ի կողմից ուսուցիչներին համապատասխան որակավորում շնորհելը կարևոր քայլ և աջակցություն է նշված հարցի լուծման ճանապարհին

 

Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել է 2016 թ. Սոչիում: