Հայաստանը և տարածաշրջանը միջազգային հարթակում Գիտաժողովներ Մագիստրոսական ծրագրեր Հեռաուսուցում Նորութիւններ Աշխատանքային շտեմարան Յղումներ Գործընկերներ Կայքի քարտեզ

Մեր մասին >> Կանոնադրութիւն

ՀԱՍՏԱՏՈՒԱԾ Է ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

2013Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՆԻՍՏԻ ԹԻՒ 1/9 ՈՐՈՇՄԱՄԲ


ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ`  Ա.Հ. ՍԻՄՈՆԵԱՆ


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹԻՒՆ
ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՅԹՆԵՐ

1.Սոյն կանոնադրութիւնը սահմանում է Երեւանի պետական համալսարանի (այսուհետ` ԵՊՀ) հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի (այսուհետ` Ինստիտուտ) գործունէութեան իրաւական հիմքերը:

2.Ինստիտուտը գործում է Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան համապատաս­խան, ԵՊՀ գործող կանոնադրութեան եւ սոյն կանոնադրութեան հիման վրայ:

3.Ինստիտուտը մշակում եւ Ինստիտուտի գիտական խորհրդում ընդունում է իր կանոնադրութիւնը, որը հաստատւում է ԵՊՀ գիտական խորհրդում: Սոյն կանոնադրութեան մէջ փոփոխութիւնները և լրացումները կատարւում են նոյն կարգով:

4.Ինստիտուտը ստեղծւում, վերակազմակերպւում, կամ լուծարւում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:

5.Ինստիտուտի պաշտօնական անուանումն է՝

հայերէն՝ ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտ

ռուսերէն՝ Институт арменоведческих исследований ЕГУ

անգլերէն՝ Institute for Armenian Studies of YSU

6.Ինստիտուտի գտնուելու վայրն է՝ ՀՀ, ք. Երեւան, Ալեք Մանուկեան 1 :

7.Ինստիտուտը ԵՊՀ կառուցուածքային ստորաբաժանում է, որն իր կանոնադրութեանը համապատասխան օժտուած է իրաւունքներով եւ կրում է պարտականութիւններ:

8.Ինստիտուտն ունի կնիք, սահմանուած կարգով կարող է ունենալ նաեւ իր անուանմամբ դրոշմակնիք՝ (հայերէն, ռուսերէն, անգլերէն լեզուներով), պաշտօնաթուղթ (բլանկ), խորհրդանիշ եւ անհատականացման այլ միջոցներ:

 

II. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՒԱՍՈՒԹԻՒՆԸ

9.Ինստիտուտը ԵՊՀ գիտակրթական գործունէութիւն իրականացնող ստորաբաժանում է, որն իրականացնում է հայագիտութեան ոլորտում գիտահետազօտական գործունէութիւն, ինչպէս նաեւ մագիստրոսական եւ ասպիրանտական կրթութիւն:

10.Ինստիտուտն իր իրաւասութեան սահմաններում իրաւունք ունի ընդունելու որոշումներ, եթէ դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեանը, ԵՊՀ կանոնադրութեանը, ԵՊՀ ներքին իրաւական ակտերին եւ Ինստիտուտի կանոնադրութեանը:

11.Ինստիտուտը, ելնելով իր կողմից իրականացուող կրթական, գիտական, ուսումնաօժանդակ եւ տեխնիկական աշխատանքների բնոյթից, ըստ սահմանուած չափանիշների մշակում է իր հաստիքացուցակը, որը հաստատւում է ռեկտորի կողմից:

12.Ինստիտուտի ֆինանսական միջոցների գոյացման աղբիւրներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջէից կատարուող հատկացումները, Հայաստանի Հանրապետութեան ու օտարերկրեայ պետութիւնների իրաւաբանական եւ ֆիզիկական անձանց կատարած բարեգործական յատկացումները, նուիրատւութիւնները, Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ չարգելուած այլ աղբիւրներ: ԵՊՀ եկամուտների եւ ծախսերի տարեկան նախահաշուով ԵՊՀ խորհրդի որոշմամբ Ինստիտուտին կարող են յատկացուել ֆինանսական միջոցներ, որոնք Ինստիտուտը տնօրինում է սահմանուած կարգով:

 

III. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

13.Ինստիտուտի կառավարումն իրականացւում է ՀՀ օրէնսդրութեանը, ԵՊՀ կանոնադրութ­եանը եւ Ինստիտուտի կանոնադրութեանը համապատասխան, միանձնեայ եւ կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ:

14.Ինստիտուտի կառավարման մարմիններն են Ինստիտուտի գիտական խորհուրդը եւ տնօրէնը, որոնք իրենց իրաւասութեան սահմաններում ընդունում են ինքնուրոյն որոշում­ներ, եթէ դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեանը, ԵՊՀ կանոնադրութեանը, ԵՊՀ ներքին իրաւական ակտերին եւ Ինստիտուտի կանոնադրութեանը:

15.Ինստիտուտի գիտական խորհուրդն իր իրաւասութեան շրջանակներում քննարկում եւ լուծում է Ինստիտուտի գործունէութեանն առնչուող հիմնական հարցերը:

16.Գիտական խորհուրդը կազմուած է ի պաշտօնէ, հրաւիրեալ եւ ընտրովի անդամներից: Գիտական խորհրդի անդամները քսանեօթն են: Գիտական խորհրդի ի պաշտօնէ եւ հրաւիրեալ անդամների թիւը չի կարող գերազանցել գիտական խորհրդի կազմի 50 տոկոսը:

17.Գիտական խորհրդի կազմի մէջ ի պաշտօնէ մտնում են տնօրէնը՝ որպէս նախագահ, տնօրէնի տեղակալը, Ինստիտուտի լաբորատորիաների, կենտրոնների եւ բաժինների, ամբիոնի/ների ղեկավարները, արհբիւրոյի նախագահը, մեթոդական խորհրդի նախագահը եւ Ինստիտուտի ուսանողներից մէկ ներկայացուցիչ:

18.Գիտական խորհրդի կազմում կարող են ընդգրկուել Ինստիտուտի գործունէութեան եւ մասնագիտութիւնների հետ կապուած արտահամալսարանական ու արտաինստիտուտային մասնագէտներ՝ գիտական խորհրդի կազմի մինչեւ 15 տոկոսի չափով:

19.Գիտական խորհրդի ընտրովի անդամների թեկնածութիւնները համամասնօրէն առաջադրում են Ինստիտուտի կառուցուածքային ստորաբաժանումները, որոնց թիւը հաշուարկւում է ըստ տուեալ ստորաբաժանման հաստիքների գումարային թուաքանակի: Գիտական խորհրդի ընտրովի անդամներ կարող են առաջադրուել բացառապէս տուեալ ստորաբաժանման հիմնական աշխատողները:

20.Գիտական խորհրդի լիազօրութիւնների ժամկէտը 5 տարի է: Գիտական խորհրդի լիազօրությունների աւարտից մէկ ամիս առաջ տնօրէնը ռեկտորի հաստատմանն է ներկայացնում գիտական խորհրդի անդամների ցուցակը:

21.Գիտական խորհրդի քարտուղարին գիտական խորհրդի անդամներից տնօրէնի ներկայացմամբ նշանակում է ռեկտորը:

22.Ինստիտուտի գիտական խորհուրդը՝

1)ընդունում է Ինստիտուտի զարգացման ծրագիրը,

2)քննարկում է Ինստիտուտի լաբորատորիաների, կենտրոնների, բաժինների եւ ամբիոնների գիտահետազօտական եւ ուսումնամեթոդական աշխատանքների մասին հաշուետւութիւն­ները,

3)քննարկում է Ինստիտուտի կիսամեակային եւ տարեկան քննաշրջանների արդիւնքները,

4)իր կազմից ձեւաւորում է մշտական եւ/կամ ժամանակաւոր յանձնաժողովներ,

5)հաստատում է տնօրէնի կողմից ներկայացուած Ինստիտուտի գիտական խորհրդի մրցութային յանձնաժողովի կազմը,

6)Ինստիտուտի գիտական խորհրդի մրցութային յանձնաժողովը սահմանուած կարգով իրաւասու է կազմակերպելու եւ իրականացնելու Ինստիտուտի գիտաշխատողների աշխա­տան­քի ընդունման համար անհրաժեշտ մրցութային գործընթացը,

7)սահմանուած կարգով իրականացնում է Ինստիտուտի գիտաշխատողների համակազմի ընտրութիւնը՝ հիմք ընդունելով մրցութային յանձնաժողովի ներկայացրած թեկնածուներին,

8)սահմանուած կարգով քննարկում է հայցուող գիտական կոչումը ստանալու  երաշխաւորութ­եան հարցը,

9)հաստատում է ասպիրանտների անհատական պլանները, ինչպէս նաեւ ասպիրանտների ու հայցորդների տարեկան ատեստացիայի արդիւնքները,

10)լսում է Ինստիտուտում կատարուող գիտական թեմաների վերաբերեալ հաշուետւութիւն­ները, դրամաշնորհների, գիտակրթական գործուղումների վերաբերեալ հաղորդումները,

11)քննարկում է կառուցուածքային ստորաբաժանումների կողմից ընդունուած որոշումների դէմ բերուած բողոքները,

12)լուծում է Ինստիտուտի կրթական, գիտական աշխատանքի, արտահամալսարանական եւ միջազգային գործունէութեան այլ հարցերը,

13)առաջարկութիւններ է ներկայացնում պատուաւոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անուանական կրթաթոշակներ տալու, ԵՊՀ շքանշանով եւ մեդալով պարգեւատրելու, հանրապետական ու միջազգային պարգեւների եւ կոչումների համար թեկնածութիւնների վերաբերեալ, ինչպէս նաեւ լուծում է Ինստիտուտի կանոնադրութիւնից եւ ԵՊՀ իրաւական այլ ակտերից բխող այլ հարցեր:

23.Ինստիտուտի գիտական խորհրդի նիստերը հրաւիրում է տնօրէնը՝ ըստ անհրաժեշտութեան, բայց ոչ պակաս, քան ութ անգամ մէկ ուսումնական տարում:

24.Գիտական խորհրդի նիստերն իրաւազօր են նրա անդամների երկու երրորդի ներկայութեան դէպքում: Գիտական խորհրդի անդամների ներկայութիւնը գրանցում է գիտական քարտուղարը` նիստն սկսելուց առաջ: Քուորումը չապահովելու դէպքում գիտական խորհրդի նախագահի որոշմամբ գրանցման գործընթացը կարող է երկարաձգուել մինչեւ 30 րոպէ:

25.Ինստիտուտի գիտական խորհրդում որոշումներն ընդունւում են խորհրդի նիստին ներկայ անդամների ձայների պարզ մեծամասնութեամբ, բաց քուէարկութեամբ, եթէ գիտական խորհուրդն այլ որոշում չի կայացրել: Գիտամանկավարժական պաշտօնների տեղակալման, ամբիոնների վարիչների ընտրութեան մրցոյթների քուէարկութիւնը կատարւում է փակ, գաղտնի ընթացակարգով:

26.Գիտական խորհրդի նախագահի կողմից նիստի հրաւիրման անհնարինութեան դէպքում գիտական խորհրդի նիստը հրաւիրում է տնօրէնի տեղակալը:

27.Գիտական խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրաւունքով կարող են մասնակ­ցել համալսարանի ռեկտորը կամ պրոռեկտորը, ինչպէս նաեւ հրաւիրուած այլ անձինք:

28.Գիտական խորհրդի որոշումները պարտադիր են Ինստիտուտի ստորաբաժանումների, աշխատողների եւ սովորողների համար:

29.Գիտական խորհրդի նիստերն արձանագրւում են: Արձանագրութիւնը ստորագրում են նախագահը եւ քարտուղարը: Նիստի օրակարգը եւ ընդունուած որոշումները հինգ աշխատանքային օրուայ ընթացքում ենթակայ են հրապարակման ԵՊՀ պաշտօնական կայքում:

30.Ինստիտուտի գործունէութիւնը կազմակերպում եւ ղեկավարում է տնօրէնը՝ իր իրաւասութիւնների սահմաններում եւ Ինստիտուտի կանոնադրութեանը համապատասխան:

31.Տնօրէնն ունի տեղակալ:

32.Տնօրէնին աշխատանքի նշանակում եւ աշխատանքից ազատում է ԵՊՀ ռեկտորը:

33.Տնօրէն կարող է նշանակուել նա, ով ունի գիտութիւնների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան:

34.Ինստիտուտի տնօրէնը՝

1)կազմակերպում եւ վերահսկում է Ինստիտուտի գործունէութիւնը գիտական, կրթական, միջազգային եւ այլ ոլորտներում,

2)ապահովում է Ինստիտուտի գիտական խորհրդի որոշումների կատարումը,

3)ռեկտորի հաստատմանն է ներկայացնում Ինստիտուտի հաստիքակազմը,

4)նշանակում է տնօրէնի տեղակալին,

5)ռեկտորի հաստատմանն է ներկայացնում Ինստիտուտի կառուցուածքում ամբիոններ, լաբորատորիաներ եւ այլ կառուցուածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմա­կերպելու եւ լուծարելու վերաբերեալ,

6)գլխաւորում է Ինստիտուտի մրցութային յանձնաժողովը եւ Ինստիտուտի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում մրցութային յանձնաժողովի թեկնածուներին,

7)սահմանուած կարգով համալսարանի ռեկտորին առաջարկութիւններ է ներկայացնում գիտաշխատողներին ստորաբաժանումից ստորաբաժանում փոխադրելու, համապատաս­խան արձակուրդ ձեւակերպելու վերաբերեալ,

8)հաստատում է լաբորատորիաների, կենտրոնների և բաժինների գործունէութեան տարեկան ծրագրերը:

9)վերահսկում է ուսումնական գործընթացի հետ կապուած գործառոյթների իրականացումը,

10)տնօրինում է Ինստիտուտին յատկացուած ֆինանսական միջոցները, այդ մասին հաղորդում է Ինստիտուտի գիտական խորհրդին ամենամեայ հաշուետւութիւն ներկայացնելու ժամանակ,

11)լուծում է Ինստիտուտի կանոնադրութիւնից բխող եւ Ինստիտուտի գիտահետազօտական ու ուսումնամեթոդական գործունէութեան հետ կապուած այլ հարցեր:

35.Տնօրէնն արձակում է հրամաններ, տալիս է հրահանգներ, որոնք պարտադիր են Ինստիտուտի կառուցուածքային ստորաբաժանումների, աշխատողների եւ սովորողների համար:

36.Ինստիտուտի գործունէութեան ընթացիկ հարցերի լուծման համար Ինստիտուտում գործում է խորհրդակցական մարմին՝ տնօրինութիւն, որի կազմի մէջ մտնում են տնօրէնը, նրա տեղակալը, ստորաբաժանումների վարիչները, գիտական խորհրդի քարտուղարը, մեթոդական խորհրդի նախագահը, արհբիւրոյի նախագահը եւ Ինստիտուտի ուսանողներից մէկ ներկայացուցիչ:

37.Տնօրինութիւնը հարցերը քննարկում է տնօրէնի առաջարկով:

38.Ինստիտուտի ուսումնամեթոդական եւ գիտահետազօտական հարցերի քննարկման համար Ինստիտուտում գործում է մեթոդական խորհուրդ:

 

IV. ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌՈՒՑՈՒԱԾՔԸ

39.Ինստիտուտի հիմնական ստորաբաժանումներն են լաբորատորիաները, կենտրոնները եւ բաժինները: Ինստիտուտում կարող են գործել նաեւ ամբիոններ եւ գիտակրթական ու այլ ստորաբաժանումներ:

40.Լաբորատորիաները, կենտրոնները եւ բաժինները Ինստիտուտի գիտական գործընթացի կազմակերպման հիմնական կառուցուածքային ստորաբաժանումներն են, որոնց ստեղծման եւ գործունէութեան կարգը, ինչպէս նաեւ իրաւասութիւնը սահմանւում է Ինստիտուտի կանոնադրութեամբ:

41.Լաբորատորիաների, կենտրոնների եւ բաժինների կազմում ընդգրկած են գիտաշխատող­ները, լաբորանտները:

42.Լաբորատորիաները, կենտրոնները եւ բաժինները մշակում են իրենց գործունէութեան տարեկան ծրագիրը եւ ներկայացնում տնօրէնին հաստատման համար:

43.Լաբորատորիաների, կենտրոնների եւ բաժինների գործունէութեան հիմնական հարցերը քննարկւում են լաբորատորիաների, կենտրոնների եւ բաժինների համակազմի նիստերում: Լաբորատորիաների, կենտրոնների եւ բաժինների նիստերին խորհրդակցական ձայնի իրաւունքով կարող են մասնակցել տնօրէնը կամ տեղակալը, լաբորատորիաների, կենտրոնների եւ բաժինների գիտաշխատողները, ասպիրանտները, ուսումնաօժանդակ համակազմը եւ այլ աշխատողները: Լաբորատորիաների, կենտրոնների եւ բաժինների նիստերը հրաւիրւում են ըստ անհրաժեշտութեան, բայց ոչ պակաս, քան տարեկան ութ անգամ: Լաբորատորիաների, կենտրոնների եւ բաժինների նիստերն արձանագրւում են: Արձանագրութիւնները ստորագրւում են լաբորատորիաների, կենտրոնների եւ բաժինների ղեկավարի ու գործավարի կողմից:

44.Ինստիտուտի կանոնադրութեան հաւելուածի տեսքով ներկայացւում են Ինստիտուտի բոլոր կառուցուածքային ստորաբաժանումները:

 

Յաւելուած

ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների ինստիտուտի կառուցուածքային ստորաբաժանումները


1.Հայոց պետականութեան պատմութեան հիմնահարցերի հետազօտութեան բաժին

2.Բաբկէն Յարութիւնեանի անուան Հայաստանի պատմական աշխարհագրութեան եւ քարտեզագրութեան լաբորատորիա

3.Հայ-վրացական առնչութիւնների բաժին

4.Հայ-քրդական առնչութիւնների բաժին

5.Հայ-օսմանական առնչութիւնների բաժին

6.Հնագիտական հետազօտութիւնների լաբորատորիա

7.Վիրտուալ հայագիտութեան եւ տեղեկատւութեան բաժին

8.Ցեղասպանագիտութեան բաժին